Լեհաստանի վարչապետը Տիխանովսկայային է փոխանցել Վարշավայում Բելառուսի «այլընտրանքային դեսպանատան» բանալիները (լուսանկարներ)
International newsԼեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային է փոխանցել Վարշավայում կառուցված նոր բելառուսական կենտրոնի խորհրդանշական բանալիները: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Լեհաստանի վարչապետի խոսքով ՝ Վարշավան ցանկանում է, որ «բելառուսները Լեհաստանում ունենան տուն, որպեսզի շարունակեն պայքարել փոփոխությունների համար»:
eadaily.com կայքի փոխանցմամբ՝ «սա, ըստ էության, Լեհաստանում Բելառուսի կառավարության այլընտրանքային կառույցի ստեղծում է»:
Նոր բելառուսական կենտրոնը բացվել է Լեհաստանի մայրաքաղաքի հեղինակավոր վայրերից մեկում` 1930-ականների վիլլայի տարածքում:
Դրանից առաջ, տարբեր ժամանակներում, այստեղ տեղակայված են եղել Թունիսի դեսպանատունն ու Ֆրանսիայի դեսպանի նստավայրը: Այժմ շենքի վրա կախված է սպիտակ-կարմիր-սպիտակ (Բելառուսի պատմական) դրոշ:
Մորավեցկին, Տիխանովսկայայի հետ այցելելով այս կենտրոն, ասել է, որ Լեհաստանը «բաց տուն է բոլոր այն բելառուսների համար, որոնք օգնության կարիք ունեն»:
Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` «Բելառուսի համար այս դժվարին պահին» աջակցություն ցուցաբերելու համար:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: