Կորոնավիրուսային թեստի մեկ դրական, երկու բացասական պատասխան՝ չորս օրում. ինչպե՞ս է ստացվել. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես գիտենք, ուսումնական տարվան ընդառաջ որոշում էր կայացվել թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքով: Օրերս «Փաստը» մի հետաքրքիր տեղեկություն ստացավ: Խմբագրությանն էր դիմել Վանաձորի ուսուցչուհիներից մեկը (վերջինիս անուն ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) և նշել, որ թեստավորվել է սեպտեմբերի 3-ին, 48 ժամ հետո ստացել է թեստի դրական պատասխան: Այն ստանալու հաջորդ երկու օրերին՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին, սեփական նախաձեռնությամբ երկու թեստ է արել՝ ՊՇՌ և «ռապիդ»: Երկու թեստերի պատասխաններն էլ եղել են բացասական:
Ստացված արդյունքը զարմացրել է նրան: Ընդ որում, առաջին թեստի պատասխանը ստանալուց հետո մեր զրուցակիցն ինքնամեկուսացել է, սահմանափակել բոլոր տեսակի շփումները: Բայց հարց էր բարձրացնում՝ ուսումնական տարին մեկնարկում է, մինչդեռ նա ստիպված է ինքնամեկուսացած մնալ այն դեպքում, երբ կորոնավիրուսի թեստի երկու բացասական պատասխան ունի ձեռքին: Խնդրի առնչությամբ նախօրեին դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ հասկանալու, թե ինչը կարող էր նման խնդիր առաջացնել՝ որևէ թյուրիմացությո՞ւնը, թե՞ գուցե կա այլ պատճառ, ասենք՝ անսիմպտոմ ընթացքի և ավարտի օրերի զուգադիպության հետ կապված:
Մյուս կողմից՝ ցանկանում էինք հասկանալ՝ այս պարագայում ուսուցչուհին շարունակելո՞ւ է մնալ կարանտինի մեջ: Նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ հերթական նմուշառումն են վերցրել տիկնոջից և միայն դրա պատասխանը ստանալուց հետո կարող են հստակ ասել, թե ինչու են թեստերի պատասխաններն օրերի տարբերությամբ սկզբում դրական, իսկ հետո բացասական եղել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում