Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը
CultureՍեպտեմբերի 16-ին թուրքական դատարանում տեղի կունենա պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական լսումը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականի կայքից:
Սպասվում է, որ այսօր կայանալիք նիստին որպես վկա լսվելու է սպանության օրը հերթապահած, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Ստամբուլի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ահմեթ Քյոքյոյը, որի վկայությունների հիման վրա կհստակեցվեն գործի որոշ մանրամասներ:
Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են ընդլայնել գործը` լսելով 2004 թվականին Դինքի հետ հանդիպած Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին:
Ենթադրվում էր, որ Դինքին սպանած ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվելու սեպտեմբերին, սակայն նրա ազատազրկման ժամկետը ավելացել է ևս 4 տարով` բանտի աշխատակիցների վրա հարձակվելու պատճառով:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: