Ինչպես Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում միլիարդավոր դոլարներ է աշխատել. Forbes
International newsՆոյեմբերին տեղի ունենալիք ընտրությունների արդյունքից անկախ ՝ Դոնալդ Թրամփը կմնա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որը Սպիտակ տանը գտնվելու ընթացքում վաստակել է միլիարդավոր դոլարներ:
Forbes ամսագիրը փորձել է պարզել՝ ինչպես է դա հաջողվել ԱՄՆ նախագահին:
Դոնալդ Թրամփը երբեք չի դադարել բիզնեսով զբաղվել: Իհարկե, նա իր ընկերությունների կառավարումը հանձնել է երեխաներին, ինչպես անում են շատ գործարարներ, ովքեր կյանքի վերջում տարվում են ինչ-որ նոր բանով: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը պահպանել է իր ակտիվների սեփականությունը ՝ շարունակելով գումար վաստակել նույնիսկ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում: 2017-ից 2019 թվականներին միլիարդատիրոջ ընդհանուր եկամուտը կազմել է մոտավորապես 1,9 միլիարդ դոլար:
Այսպես թե այնպես, սա զգալի գումար է: Տարբեր աղբյուրներից, ներառյալ մասնավոր վարկատուներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դաշնային պաշտոնյաներից և օտարերկրյա կարգավորող մարմինների ներկայացուցիչներից ստացված փաստաթղթերի միջոցով հնարավոր է պարզել ոչ միայն այդ գումարների աղբյուրը, այլ նաև, թե որքան է կազմել ԱՄՆ նախագահի եկամուտը: Արդյունաբերական փորձագետների տեսակետներով ամրապնդված այս փաստաթղթերի վերլուծությունը կներկայացվի պատմության մեջ առաջին անգամ` «Սպիտակ տուն, Inc.» գրքում, որը շուտով կհայտնվի վաճառքում: Այս գիրքը եզակի փաստեր է ներկայացնում Դոնալդ Թրամփի ֆինանսական իրավիճակի մասին, որը միլիարդատերն այնքան ջանալով փորձել է զերծ պահել հասարակության ուշադրությունից:
Միացյալ Նահանգների նախագահի եկամտի ամենամեծ աղբյուրը նրա գոլֆի ակումբներն ու հանգստավայրերն են: Երեք տարվա ընթացքում դրանց բերած համատեղ եկամուտը կազմել է մոտավորապես 753 միլիոն դոլար:
Թրամփի եկամտի երկրորդ ամենամեծ աղբյուրը առևտրային անշարժ գույքն է` առաջին հերթին Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Նյույորքյան ակտիվներից 2017-2019 թվականներին Թրամփը ստացել է 461 միլիոն դոլար եկամուտ, ևս 114 միլիոն դոլար եկամուտ նա ստացել է Սան-Ֆրանցիսկոյում գտնվող շինությունից, որի տարածքի 30%-ը պատկանում է ԱՄՆ նախագահին:
ԱՄՆ նախագահը մեծ գումարներ է աշխատել նաև անշարժ գույքի վաճառքից: Ընդհանուր առմամբ, երեք տարվա ընթացքում միլիարդատերը անշարժ գույքի վաճառքից վաստակել է շուրջ 118 միլիոն դոլար:
2020-ին միլիարդատիրոջ եկամուտը կգերազանցի 100 միլիոն դոլարը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ հունվարին Դոնալդ Թրամփը դադարի Միացյալ Նահանգների նախագահ լինել, նա միևնույնն է կդառնա երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակել Սպիտակ տանը գտնվելու ընթացքում: