«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ
International newsԿիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները հակասում են օրենքին և որ Եվրամիությունը ծովի արևելյան հատվածում Թուրքիայի իրականացրած աշխատանքներին վերջ դնելու համար պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի այդ երկրի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ի թուրքալեզու ծառայությունը:
Կիպրոսի նախագահը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև, որ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը պետք է հարգեն բոլորը:
«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն: ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը պետք է կանոն դառնա, որը չի կարող անտեսել ոչ ոք, իսկ Միության արձագանքը պետք է կտրուկ լինի»,-հայտարարել է Կիպրոսի նախագահը` կոչ անելով ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:
Անաստասիադիսը նշել է նաև, որ Կիպրոսը Թուրքիայի հետ գալիք շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ պատրաստ է երկխոսության և ընդգծել է մինչև հանդիպումը ԵՄ-ի միասնական դիրքորոշման կարևորությունը հարցի շուրջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: