3 փաստ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի մասին
TV2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի (Lady Gaga) «911» տեսահոլովակը իրարանցում առաջացրեց Հայաստանում:
Հոլովակի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ Լեդի Գագան որոշ դրվագներում նմանակում է Սոֆիկո Չիարուլեիին: Կադրերից մեկում կարելի է տեսնել ոստիկանական ժապավենի վրա գրված «Զգուշություն» բառը, որն անգլերեն Caution-ի բառացի թարգմանություն է:
Մեդիամաքսը 3 փաստ է ներկայացնում տեսահոլովակի մասին:
Ռեժիսորը
Հոլովակի ռեժիսորը հնդկական ծագում ունեցող Թարսեմ Սինգհն է: Նա տարբեր առիթներով ասել է, որ Սերգեյ Փարաջանովը իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է:
Սինգհը մանկությունն անցկացրել է Իրանում, որտեղ աշխատում էր նրա հայրը:
Թարսեմ Սինգհը նկարահանել է R.E.M խմբի Loosing My Religion հանրահայտ երգի հոլովակը, որը 1991 թվականին 6 մրցանակ շահեց MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում:
Մասնավորապես, այն ճանաչվեց «Տարվա վիդեո», իսկ Սինգհը մրցանակ ստացավ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:
Ի դեպ, Loosing My Religion հոլովակում Թարսեմ Սինգհը վերաշարադրել է դրվագներ Անդրեյ Տարկովկսկու «Զոհաբերություն» ֆիլմից:
Երգը եւ թեման
Լեդի Գագան ասել է, որ «այս կարճ ֆիլմը շատ անձնական է ինձ համար, քանի որ պատմում է հոգեկան առողջության հետ կապված իմ փորձառության մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես կարող են միահյուսվել իրականն ու երեւակայականը եւ կերտել հերոսներ մեր շուրջը եւ մեր ներսում»:
Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Թարսեմ Սինգհին՝ «25 տարվա վաղեմության գաղափարն ինձ ներկայացնելու համար»:
Երգչուհին ասել է, որ տեսահոլովակը «ցավի պոեզիա» է:
Հայազգի դիզայները
«911» տեսահոլովակի հերոսների ոճի հեղինակը Նիկոլա Ֆորմիչետին է, որը երկար տարիներ աշխատում է Լեդի Գագային հետ: Կերպարների մի մասը ստեղծել է հայազգի արվեստագետ եւ դիզայներ Կարինա Հակոբյանը:
Կարինա Հակոբյանը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, այժմ ապրում է Լոնդոնում:
Նրա կայքում ասված է, որ «Կարինայի աշխատանքները ներկայացնում են ցավի, էյֆորիայի, հիասթափության, արհեստական հիշողությունների եւ սեքսուալ երեւակայությունների աշխարհը»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ