Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»
International newsԹուրքիայի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել երկրում Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկում լույս տեսած հրապարակումների հետ, որոնցում վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն որպես մամուլի ազատություն»:
Նա անդրադարձել է նաև Կիպրոսի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին և հիշեցրել, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլևս չի բանակցելու դաշնություն ստեղծելու վերաբերյալ:
Չավուշօղլուն ընդգծել է, որ անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման:
«Անհնար է նորից սկսել այնտեղից, որտեղ մենք կանգ առանք: Մենք չենք կարող բանակցություններ սկսել այն վայրից, որտեղ սկսվել է Կրան-Մոնտանան (բանակցություններ Կիպրոսի կարգավորման շուրջ Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում): Բանակցություններն ավարտվել են, դրանք ձախողվել են: Նոր արկածախնդրություն սկսելու իմաստ չկա, դրանք դատապարտված են ձախողման», - նշել է թուրք նախարարը:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: