Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ
International newsՎրաստանի պետական «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը հայտնել է, որ տեղական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաների հատուկ մոդիֆիկացիան արտահանվել է Ինդոնեզիա:
Դեռևս 2018-ին «Դելտան» Didgori Medevac զրահամեքենաների վաճառքի վերաբերյալ շուրջ 3․7 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր էր կնքել Ինդոնեզիայի հետ: Մեքենաների այս տարբերակը ստացել է «Բիզոն» անվանումը:
Նշենք, որ հայտնի չէ՝ սա առաջին խմբաքանակն է, թե նախկինում ևս եղել է մատակարարում: 2019-ին գարնանը «Դելտան» այս մեքենաներից լուսանկար էր հրապարակել՝ վերնագրելով որպես «փորձարկում»։
Այդ մեքենաների վրա պատկերված էր կարմիր մահիկ, ինչը որպես կանոն լինում է իսլամական երկրներում բժշկական ծառայություն իրականոցնող միջոցների վրա, ինչից ենթադրել էինք, որ դրանք Ինդոնեզիայի համար են: Ինդոնեզիա արտահանված մեքենաները, սակայն, որոշ դետալներով տարբերվում են 2019-ին հրապարակված նկարների մեքենաներից, ավելին՝ Ինդոնեզիա են արտահանվել ոչ թե կարմիր մահիկով, այլ՝ կարմիր խաչով մեքենաներ:
Վրաստանը այս զրահամեքենաներն առաջին անգամ արտահանել էր Սաուդյան Արաբիա: Ավելի քան 100 միավոր զրահամեքենայի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2015-ին, իսկ մատակարարումները սկսել էին 2016-ին, շարունակվել՝ 2018-ին: Հավանական է, որ 2019-ին ցուցադրված մեքենաներն իրականում նախատեսված էին հենց Սաուդյան Արաբիայի համար: