«Կրտսեր դպրոցը դրեցինք մեծ ռիսկի տակ, այս օղակում բացթողումներ թույլ տալու իրավունք չունենք»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ուսումնական պրոցեսը դպրոցներում մեկնարկել է: Ինչպես սպասվում էր, արդեն իսկ կան դժգոհություններ՝ կապված դիմակների, շաբաթվա մեջ հերթափոխով դասերի հաճախելու, ուսումնական ծրագիրը հիմնականում ինքնուրույն կամ էլ ծնողների օգնությամբ ուսումնասիրելու և յուրացնելու հետ: Խնդիր է նաև այն, որ եթե երեխան չի հաճախում դպրոց և որոշում է դասերը պատրաստել հեռավար տարբերակով, դպրոցը դիմում է նախարարությանը, նրան տրվում է գաղտնաբառ, որով նա մուտք է գործում համակարգ և առանց ուսուցչի օգնության ինքնուրույն ուսումնասիրում և պատրաստում է դասերը, ինչից հետո ներկայացնում է ուսուցչին:
Ինքնուրույն աշխատանքը մի կողմ, բայց կա ամենակարևոր խնդիրը. նախքան դասերը պատրաստելը, նախ նյութը պետք է խորությամբ հասկանալ, այս դեպքում բոլոր ծնողները բավարար ժամանակ, նյարդեր և, իհարկե, նաև մասնագիտական գիտելիքներ ունե՞ն իրենց երեխաների հետ դասապատրաստում անելու: Ի վերջո, խոսքը միայն տառեր սովորեցնելու մասին չէ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ դասերի ժամանակ դիմակ դնելու խնդիրն ամենակարևորներից չէ: «Դիմակները երեխաները կրում են այնքանով, որքանով մարդիկ դրանք կրում են դպրոցներից դուրս: Այսինքն՝ բոլորս էլ տեսնում ենք, որ որոշ դեպքերում դիմակը քիթը չի ծածկում, կան մարդիկ, որոնք ընդհանրապես դրանք չեն կրում:
Ինձ թվում է, որ նույն վիճակն ունենք դպրոցներում: Հենց առաջին օրերի բազմաթիվ լուսանկարներ ցույց են տալիս, որ երեխաների մի մասը պարտաճանաչ կրում է դիմակը, մյուս մասը՝ սխալ ձևով, որոշ մասն էլ հանում է: Այսինքն՝ մարդկանց մի մասը ենթարկվում է կանոններին, մյուսներն էլ անում են այնպես, ինչպես իրենց հարմար է: Պարզ է, որ ինչ պատկեր ունենք հասարակության մեջ, նույնն արտացոլվում է դպրոցներում և դասարաններում: Իհարկե, հասկանալի է, որ դիմակն անսովոր է, անհարմարություն է ստեղծում: Իմ կարծիքով՝ սա չէ գլխավոր հարցն ու մտահոգությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Նա ընդգծում է, որ ավելի շուտ խնդիրներ են առաջացնելու մյուս մտահոգությունները: «Այն դասարանները, որտեղ երեխաների թիվը 20-ից ավելի էր, կիսվեցին, որպեսզի քիչ երեխա գնա դպրոց և կարողանան դասարանում ապահովել տարածությունը:
Սա տեղի ունեցավ բովանդակության հաշվին, ընդ որում՝ ոչ միայն առաջին, այլ նաև մյուս՝ 7-րդ, 9-րդ դասարանների, ավագ դպրոցների դեպքում: Մեր երեխաները չունեն կարողություն ինքնուրույն սովորելու, պետք է նրանց օգնել: Այս ձևը, որ մենք ընտրեցինք, բավականին մեծ հարված է հասցնելու այն երեխաներին, որոնք տանն օգնող չունեն: Հասարակության ապահով խավն այս հարցը շատ հեշտ կլուծի, իրենք կարող են վարձել դասապատրաստողներ: Այն օրերին, երբ երեխան դպրոց չի գնում, տանը կպատրաստի տնային աշխատանքները և լրացուցիչ առաջադրանքներ կկատարի: Իսկ անվճարունակ խավը տուժելու է: Այն աշխատանքները, որ պետք է երեխան ինքնուրույն անի, ըստ էության, չի կարողանալու անել, հիմնականում շատ քիչ երեխաներ են սովոր ինքնուրույն աշխատանքի:
Այս դեպքում տուժելու է կրթության որակը: Առանց այն էլ մեկնարկային պայմանները լավը չէին, նախորդ կիսամյակն էլ, կարելի է ասել, առանձնապես հաջողություն չունեցավ, երեխաները վատ սովորեցին, եղան դեպքեր, երբ դասարանի 60-70 տոկոսը չմասնակցեց դասերին, և հիմա էլ, եթե սրան ավելացնում ենք այն, որ հույսը դնում ենք երեխաների ինքնուրույն աշխատանքի վրա, իհարկե, ակնկալվում է բովանդակային հետընթաց»,նշում է մեր զրուցակիցը: Խաչատրյանն ասում է՝ այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ կարելի էր անել: «Չէին կարող թույլ տալ, որ երեսուն հոգի նույն դասարանում դաս անեին, շնչելու տեղ չլիներ, և եթե մեկի մոտ վարակ լիներ, մնացած երեսունը կարող էին հիվանդանալ:
Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ գուցե պետք էր բացեինք միայն 1-6-րդ դասարանները հնգօրյա ռեժիմով: 7-րդ դասարանից բարձր դասարանները սովորեին հեռավար տարբերակով: Սա իմ առաջարկած այլընտրանքային տարբերակն է, այս փուլում ամենաշատը պետք է մտածենք 1-6-րդ դասարանների մասին: Ինչո՞ւ, որովհետև այստեղ երեխաները դեռ նոր-նոր սկսում են սովորել, հետ մնալը, բացթողումները կարող են շատ թանկ արժենալ: 7-րդ դասարանից սկսած որոշվում է, թե ովքեր են սովորող և ովքեր են այլևս «հույսը կտրել»: Ցավոք, այդտեղ շատ բան չենք կարող փոխել: Հիմա այս մոտեցմամբ կրտսեր դպրոցը դրեցինք մեծ ռիսկի տակ, այս օղակում իրավունք չունենք բացթողումներ թույլ տալ:
Եթե երեխան տառերի, կարդալու, թվերի հարցում բազային գիտելիքներում բացթողում ունեցավ, վաղը նա չի կարողանա ո՛չ պատմություն սովորել, ո՛չ էլ քիմիա: Այստեղ ինչ-որ իմաստով պետք է ընտրություն կատարեինք, թե որ խումբն է մեզ համար կարևոր: Այդ ընտրությունը չարեցինք, բոլորին դրեցինք մեկ հարթության վրա, և հիմա ունենալու ենք մի վիճակ, երբ ամենաշատը տուժելու է հասարակության անապահով խավը: 1-4-րդ դասարանները շատ կարևոր են, երեխաները ոգևորված սովորում են, 7-8-րդ դասարաններում աշակերտների՝ լավագույն դեպքում 20-30 տոկոսն է սովորում: Խոսքը սովորական դպրոցների մասին է, հայտնի դպրոցներում իրավիճակն այլ է»,եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում