Ղազախստանը վերացրեց մահապատիժը
International newsՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրատ Ումարովը ստորագրել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային նորմերի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը, հաղորդում է Sputnik Казахстан-ը:.
Մահապատժի վերացման միջազգային արձանագրությանը միանալու մասին նույն օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանում ելույթ ունենալիս: Նախագահը նշել է, որ Ղազախստանում կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը հիմնարար իրավունքներ են:
Նշենք, որ վերջին անգամ Ղազախստանում դատարանը մահապատժի էր դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին 2016 թվականին, որը մեղադրվում էր ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տասը մարդու սպանության համար:
Ղազախստանում 2003 թվականից մահապատիժ չի իրականացվել, թեև դատարանները իրավունք ունեցել են այդպիսի դատավճիռ կայացնել: 2003 թվականին, մինչ այդ պատժատեսակի կասեցումը, մահվան է դատապարտվել 12 հոգի, իսկ կասեցման որոշումից հետո մինչև 2016 թվականը մահվան դատապարտված 5 անձի նկատմամբ կիրառվել է մահապատժին փոխարինող պատիժ՝ ցմահ ազատազրկում: