Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ)
CultureԵրևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) ամփոփում է #կարդառուսգրակ գրական արշավը, որը սկսել էր օգոստոսին։ Ամառային արտակարգ պայմաններում կենտրոնն ընթերցասերներին առաջարկել էր մնալ տանն ու միանալ սոցիալական նախաձեռնությանը՝ ընթերցել և վերհիշել ռուս դասականներին։ Նախաձեռնությանը միացողներն իրենց սոցիալական էջերում նշել են սիրելի հեղինակին, ընթերցել ու հրապարակել նրանց ստեղծագործություններից նախընտրելի հատվածներ։
Արշավին միացել են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, կինոգետ Անետա Երզնկյանը, հեռուստապրոդյուսեր Կարեն Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, հումորիստ Կարեն Ավանեսյանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Անիսեթ Գաբրիել Կոչոֆան և այլոք։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հավաքել է բոլոր ընթերցումները և ներկայացնում է վիդեոհոլովակով։
Արշավի մասնակիցների խորհրդով կազմված ռուս գրականության ծավալուն ցանկը և անհրաժեշտ հավելյալ գրականությունը «Դոմ Մոսկվի» կենտրոնը տրամադրել է Գավառի «Սամվել Քոչարյանցի» անվան թիվ 1 դպրոցի գրադարանին։
«Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացան մեծ թվով մշակույթի գործիչներ և ընթերցասերներ։ Ս․Եսենին, Բ․Պաստերնակ, Ա․Պուշկին, Մ․Լերմոնտով, Ի․Բրոդսկի, Ի. Բունին, Ո. Վիսոցկի, 2-3 շաբաթ ընթերցասերները սոցիալական էջերում կարդում ու վերհիշում էին #ռուսգրակը և օգնում կազմել գրականության ցանկը, որով համալրեցինք մեր մարզային գրադարանները։ Շնորհակալ ենք արշավի մասնակիցներին, որոնք օգնեցինք իրենց խորհրդով»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Մեզ համար հրաշալի անակնկալ և հաճելի նվեր էր, քանի որ դպրոցի գրադարանը մշտապես անհրաժեշտություն ունի նոր գրքերի և գրականության։ Ուրախ կլինենք նաև հետագա գործակցության համար»,- նշեց Գավառի թիվ 1 դպրոցի տնօրեն Գայանե Ղարիբյանը։
Օրերս «Դոմ Մոսկվի» կենտրոնը ուսումնական և գեղարվեստական գրականություն փոխանցեց նաև Արարատի մարզի Դմիտրով գյուղի դպրոցին, Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան վարժարանին։ Նախաձեռնությունը շարունակական է։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 18-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվեց «Ռուսական կենտրոն»-ը։