Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով
EconomicsՍեպտեմբերի 21-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ գործարանը մթերել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով:
Նախնական պայմանավորվածությամբ՝ հոկտեմբերի 1-ից խաղողի ընդունում կիրականացնեն նաև մարզում գործող մյուս մթերող կազմակերպությունները՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի մասնաճյուղը, Բերդավանի գինու գործարանը և «Էկոգարդեն» ՍՊԸ-ն:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ, այս տարի խաղողի առատ բերք է սպասվում՝ շուրջ 12 հազար տոննա: Մթերող կազմակերպությունների կողմից ներկայումս առկա է 8 հազար 60 տոննայի պայմանագիր: Պայմանագրից դուրս մթերման ենթակա է նաև շուրջ 600 տոննա խաղող, որի իրացման համար մարզպետարանը դիմել է Երևանի կոնյակի գործարանի տնօրինությանը՝ աջակցելու խաղողագործներին: