«Մեր ազգային անվտանգությունը կապված է ուժեղ, ազգային հիմքով ձևավորվող կրթական համակարգի վրա. սա ապացուցվում է նաև այս պատերազմում».«Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ Հայաստանում և Արցախում նշվում էր Ուսուցչի տոնը: Երկու պետությունների նախագահները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ շտապեցին շնորհավորել ուսուցիչներին, սակայն այս տարվա շնորհավորանքը փոքր-ինչ այլ էր, տարբերվում էր շեշտադրումներով, ավելի շատ շնորհակալություն էր ուղղված ուսուցիչներին, որոնք կարողացել են նման հայրենասեր, ոչնչից չվախեցող, մահվանը դեմ հանդիման կանգնող սերունդ կրթել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձել էր Թաթուլ Կրպեյանի օրինակին, որը 1990 թվականին, կիսատ թողնելով ուսումը ԵՊՀ պատմության ֆակուլտետում, լինելով չորրորդ կուրսի ուսանող, մեկնել էր Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ և աշխատանքի անցել տեղի դպրոցներում՝ որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ:
Հետագայում նա նաև իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի ազատության: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտության խոսքն ուղղեց ուսուցիչներին՝ մեր հերոսական սերնդի, այն քաջ հայորդիների համար, որոնք այսօր խիզախության ու սխրանքի դաս են տալիս մարտի դաշտում և կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ անչափ կարևոր է ուսուցիչների դերը սերունդների դաստիարակության, ոգու բարձրացման առումով: «Այս ամենը մարդուն պետք է լինելու բոլոր բնագավառներում՝ որպես մարդ, քաղաքացի, զինվոր և այլն: Սա է ուսուցչի ամենակարևոր ու առանցքային դերը:
Անհրաժեշտ է կրթական մեր համակարգն այնպես կառուցել, որ ուսուցիչն ունենա իր առանցքային տեղն ու դիրքն այդ համակարգում: Պետք է նաև հստակ քայլեր արվեն ապագա ուսուցիչներին կրթելու առումով: Խոսքը բուհերի մասին է, որոնք կրթում և դիպլոմավորված մասնագետներ են տալիս, իսկ վերջիններս էլ հետո աշխատում են դպրոցներում: Ամեն ինչ փոխկապակցված է: Հեռանկարը, որի մասին անընդհատ խոսում ենք, ազգային հիմքի վրա ձևավորված, լայն մտահորիզոն ունեցող քաղաքացիներ, այդ թվում նաև ուսուցիչներ ունենալն է:
Հենց նրանք են կատարելու առանցքային դերը մեր նոր սերնդի դաստիարակության հարցում: Սա է այն առանցքը, որի մասին անընդհատ ասվում է, ճիշտ է՝ դրա արժեքը ամեն անգամ չէ, որ գիտակցվում է, բայց ամեն ինչի հիմքում դրված է կրթական արդյունավետ համակարգ ունենալը: Եվ այսօր մենք դրա կարևորությունը շատ ենք զգում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ատոմ Մխիթարյանը: Նա նշում է, որ կրթական համակարգում փոփոխություններ կատարելիս պետք է անպայման հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական իրավիճակը: «Կրթական համակարգն, իհարկե, պետք է արձագանքի այս իրավիճակին և մտածողության ու ընդհանրապես հայեցակարգային փոփոխություններ պետք է կատարվեն:
Կրթական համակարգում յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս անպայման պետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական իրավիճակը: Չէ՞ որ կրթական համակարգն է անմիջապես առնչվում այն քաղաքացիներին, մարդկանց, որոնք կազմում են տվյալ երկրի քաղաքական, գիտական ու մշակութային էլիտաները և այլն: Կրթական համակարգի հիմքերը պետք է շատ ամուր լինեն և խրված ազգային ակունքներում, դրանցից գան: Առանց դրանց հնարավոր չէ: Մեր ազգային ինքնությունը ձևավորվում է հենց կրթական համակարգում, մեր ազգային անվտանգությունը կապված է ուժեղ, ազգային հիմքով ձևավորվող կրթական համակարգի հետ, սա արդեն փաստ է, որն ապացուցվում է այս պատերազմում: Սրանից պետք է անպայման հետևություններ անել, որոնք էլ փոփոխություններ կբերեն, կրթական համակարգը պետք է ավելի ամրանա, ավելի արդիական դառնա և կարողանա համապատասխան քաղաքացիներ դաստիարակել»,-նշում է մեր զրուցակիցը:
Մխիթարյանը կարևորում է նաև այն, որ երբ պատերազմն ավարտվի, և հերոս-տղաները հաղթանակած վերադառնան տուն, նրանց մասին պետք է շատ խոսվի, նրանց օրինակով պետք է կրթվեն սերունդները: «Այն տղաները, որոնք հիմա ռազմաճակատում են, մեր կողքին ապրող հերոսներ են: Իրենց կենսափորձով, հերոսություններով շատ լավ օրինակներ են լինելու սերունդների համար, դառնալու են մեր ժամանակների հերոսները: Պետք է խրախուսել, որպեսզի պատերազմի ավարտից հետո նրանք այցելեն մեր ուսումնական հաստատություններ, իրենց օրինակով իրենց կյանքի դասերը փոխանցեն մեր սերունդներին: Մեկ նման հանդիպումը կարող է փոխարինել տարբեր առարկաների մի քանի դասաժամերի:
Խոսում ենք կրթական համակարգի փոփոխությունների մասին, այդ փոփոխություններից մեկն էլ կարող է լինել նման հանդիպում-դասերի անցկացումը: Ինքս դպրոցական տարիներից հիշում եմ, որ աշակերտների հետ հանդիպումների էին գալիս Հայրենական պատերազմի մասնակիցները, հայտնի գրողներ, մտավորականներ: Մենք հիմա մոռացել ենք այդ մասին և նման հանդիպումներ չենք կազմակերպում մեր ուսումնական հաստատություններում: Պետք է այս ավանդույթը վերականգնել, որպեսզի կարողանանք ծանոթանալ մեր կողքին ապրող հերոսների հետ»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում