Եթե Հայաստանը հայտնվի սպառնալիքի տակ, Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները. Փաշինյանը՝ BBC-ին տված հարցազրույցում
InterviewՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերի հետ հարցազրույցում, որն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում է դեպքի վայրից, անդրադարձել է Արցախի բնակչության գոյապայքարին և այն վտանգին, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը:
«Այո Արցախը Հայաստան է, այն հայկական տարածք է եղել միշտ, որի բնակչության 80 տոկոսից ավելին եղել են հայեր, և այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչն է խնդիրը: Ադրբեջանը ցանկանում է, որ հայերն այնտեղ չապրեն, այդ պատճառով էլ ահաբեկիչների է բերել, որոնք հարձակվում են Արցախի դեմ»,- շեշտել է Փաշինյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է որպես փոխզիջում դիտարկել Արցախի հարակից մի շարք շրջանների փոխանցումն Ադրբեջանին, Փաշինյանն ասել է. «Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում քննարկվել են այս գաղափարները, դրանք քննարկվել են 2013-ին, 2015-ին և չեն ընդունվել մեկ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
«Եթե ադրբեջանական զինուժը հաջողության հասնի, դա կնշանակի ցեղասպանություն Արցախի ժողովրդի համար»,- հավելել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ֆիշերն ինքն է Ստեփանակերտում եղել և անձամբ է ականատես եղել, թե ինչպես է տեղի բնակչությունը գոյապայքար մղում:
Լրագրողն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի ունեցած 4 առանձին հեռախոսազրույցներին, հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի, եթե Հայաստանի տարածքը հարձակման ենթարկվի:
«Ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես: Հայաստանի տարածքի՝ անմիջական սպառնալիքի տակ հայտնվելու դեպքում, Ռուսաստանը կկատարի պայմանագրային պարտավորվածությունները»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։