Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ)
International news«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրթեմը, որն ազգությամբ թուրք է և ներկայում բնակվում է Գերմանիայում, ԼՂ հակամարտության սրման ֆոնին Շտուտգարտում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած ցույցին, որի ընթացքում հանդես է եկել հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։
Մտավորականն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Էրթեմը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ իր նպատակներում կիրառելով Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքված ջիհադական ահաբեկչական խմբերի վարձկաններին:
Նրա խոսքով՝ հարձակման նպատակը Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերացումը։
Մտավորականը խոսել է նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների կոնվենցիաների նորմերին։
Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ զինված ագրեսիան անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։
«Այս ագրեսիայի դեմ վճռական դիրքորոշում ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը վերահաստատելու համար ազդեցիկ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Այդ պատճառով աշխարհին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը երաշխավորման»,-ասել է մտավորականը:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։