Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին
International newsԱրցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում: Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսեւորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել: Թուրքիան բացահայտ ղեկավարում է այդ պետությունը, ավելին՝ արդեն բացառապես վերջինս է արձագանքում Ադրբեջանին ուղղված միջազգային հարցադրումներին եւ կոչերին: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը' որպես սուվերեն պետություն, դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից, հայոց բանակը ռազմաճակատում կերտում է սեփական հաղթանակը ազերի, թուրք եւ իսլամիստ-ահաբեկչական ուժերի դեմ՝ սեփական բազուկներով կերտելով իր պատմության հերթական ոսկե էջը: Ռուսական «Коммерсантъ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թերթի աղբյուրների համաձայն' վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին' ռազմական գործողություններ սանձազերծելու՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական և դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական աջակցություն: Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում»,- նշել են թերթի աղբյուրները: Թուրքական դրոշները ծածանվում են Ադրբեջանի պետական հիմնարկների, օրինակ՝ ՍԴ շենքի վրա, ադրբեջանական զրահատեխնիկայի վրա հաճախ Ադրբեջանի դրոշից զատ կարելի է տեսնել նաև Թուրքիայի դրոշը: WarGonzo Telegram-ալիքի' Ստամբուլից աղբյուրները հայտնում են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին, վերջինս այս պահին փախուստի մեջ է: Սադիկովը, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվորեն դեմ էր թուրքական գեներալիտետին այդչափ մեծ գործառույթներ հանձնելուն: Սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում նույնպես որոշակի դժգոհություն է առաջանում կապված Թուրքիայի գործողությունների հետ: Հարևան երկրում սկսում են հասկանալ, որ Ալիևը դժվար թե նվաճի Արցախը, իսկ Էրդողանը արդեն իսկ նվաճել է Ադրբեջանը: Եվ այսօր նրա հիմնական նպատակը Հայաստանի հաշվին Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանի ստեղծումն է, որից հետո օրակարգ կբերվի մեկ ազգ-մեկ պետություն կոնցեպտը և Ադրբեջանը որպես սուվերեն պետություն կդադարի գոյություն ունենալ: Պատահական չէ, որ թուրքական մեջլիսը լրջորեն դիտարկում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը, սա ևս մեկ հնարավորություն է Ադրբեջանի օկուպացիան առավել ամբողջական դարձնելու և այս երկրում սեփական ռազմական ներկայությունը ամրապնդելու համար: Lurer.com