Թուրքիան ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին է հայտնել
International newsԹուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Օդուժի նոր միավորները պետք է համալրեն Թուրքիայի զինված ուժերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է Պաշտպանական արդյունաբերության ծառայության և THY Teknik ընկերության միջև։
Ըստ Իսմայիլ Դեմիրի՝ թուրքական բանակի նոր ինքնաթիռները համալրված են լինելու ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով, որոնք կարող են հեռու տարածությունից տեղորոշել հավանական հակառակորդի ռազմական օբյեկտների տեղակայման վայրերը։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմից տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես Bayraktar TB-2 անօդաչուների տասնյակից ավելի խոցման վերաբերյալ։
Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
Ավելին՝ այստեղ