Պուտինը և Էրդողանը հանգամանորեն քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Հանգամանորեն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ շփումներն ուղղվել են մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Ավելին՝ այստեղ