Մեծ Բրիտանիան որոշել է արգելել վնասակար ուտելիքների և ըմպելիքների վաճառքը
International newsՃարպակալման դեմ պայքարի շրջանակներում, Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներում արգելելու են գազավորված ըմպելիքների և նախուտեստների վաճառքը դրամարկղերում: Այս մասին գրել է «The Guardian»-ը:
Արգելվելու է վնասակար սննդով դարակաշարեր տեղադրել խանութի մուտքի մոտ կամ միջանցքների վերջում: Բացի այդ, իշխանությունները որոշել են համացանցում պայքարել արագ սննդի դեմ: 2022 թվականից սկսած՝ կարգելվի անառողջ սննդի վաճառքի հղումներ տեղադրել գլխավոր, ինչպես նաև պատվեր գրանցելու կամ վճարում կատարելու էջերում: Ռեստորաններն այլևս չեն կարողանա անվճար քաղցր ըմպելիքներ առաջարկել:
Մեծ Բրիտանիայի մեծահասակների 63%-ն ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալումից: Այդ կապակցությամբ, կառավարությունը ծրագրում է խստացնել շաքարի կամ աղի բարձր պարունակությամբ մթերքների և ըմպելիքների պիտակավորման պահանջները: Առաջարկությունների շարքում է՝ խոշոր ռեստորաններին պարտավորեցնել՝ մենյուներում նշել ուտեստների կալորիականությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշել է վերոնշյալ խստացումները մտցնել այն բանից հետո, երբ իմացել է, որ ավելորդ քաշը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը