Չավուշօղլուն Զարիֆի հետ հանդիպմանը խոսել է «3+3» ձևաչափով համագործակցության մասին
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը: Չավուշօղլուն և Զարիֆն այդ մասին նշել են Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Խաղաղության պատրաստակամության մասին միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ է իրական ներդրում: Մենք նախատեսում ենք զարգացնել համագործակցության ձեւաչափը «3+3» բանաձեւով, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին աջակցել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարները», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը տարածաշրջանի հինգ երկրներ պատասխան է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից առաջ քաշված համագործակցության նոր պլատֆորմի գաղափարին: Զարիֆը ընդգծել է, որ Իրանը եւ Թուրքիան բարդ ժամանակաշրջանում մշտապես կապի մեջ են եղել միմյանց հետ, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն: Նրա խոսքով, Թեհրանի եւ Անկարայի համար համագործակցության նոր հնարավորություններ են բացվել նաև Կովկասում: