Թուրքիայում իրականացվող զորավարժությունները սպառնալիք են տարածաշրջանային երկրներին ևս. Տաթևիկ Հայրապետյան
AnalysisՀայաստանի սահմանի հարևանությամբ արդեն մի քանի օր է ընթանում են թուրք ադրբեջանական հարձակողական բնույթի զորավարժություններ, բայց այն այդպես էլ չի դառնում հայկական քաղաքական կուսակցությունների քննարկման առարկան: Եվ, մեծ հաշվով հասկանալի չէ, թե այդ առնչությամբ իշխող կամ ընդդիմադիր կուսակցություններն ի՞նչ տեսակետ, ասելիք կամ մոտեցում ունեն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով այս խնդրին Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո խնդրահարույց է նման զորավարժության անցկացումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիրները լուծելու միայն մեկ ճանապարհ են տեսնում:
«Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս գտվող երկրների համար: Ուստի, իմ կարծիքով բոլոր այն ուժերը, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունության պահպանման հարցով, պետք է մաքսիմալ ջանքեր գործադրեն, այդ երկու երկրներին զսպելու համար»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Պատգամավորի կարծիքով՝ զորավարժությունները Կարսում իրականացնելը պատահականություն չէ, քանի որ այն բազմակողմանի մեսիջներ պարունակող քայլ է, որը պետք է մտահոգի նաև Իրանին:
«Այդ զորավարժությունները եթե սպառնալիք լինեին միայն Հայաստանի համար, ապա պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և որևէ ոտնձգություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ դա ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, որի դեպքում արդեն համապատասխան անվտանգային համակարգ է գործում: Լավ կլինի, որ ՀԱՊԿ-ին դիմելու առիթ, այնուամենայնիվ, չլինի, իսկ ինչ վերաբերում է հանրության շրջանում առկա այն մտայնությունը, որ եթե մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ապա նրանք պետք է ամեն առիթով գան, օգնություն ցույց տան մեզ, ապա պետք է հաշվի առնել, որ առանց լուրջ հիմքերի և սպառնալիքների, նման քայլ, բնականաբար չի կարող լինել: Պետք է բոլոր խնդիրները դիտարկել ոչ թե զգացմունքային տեսանկյունից, այլ իրատեսական, այլապես հնարավոր չի լինի իրավիճակը սթափ գնահատել և արդյունավետ քայլեր իրականացնել»,- ասաց Տ. Հայրապետյանը: