Տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու միակ ելքը պետական պարտքի ավելացումն էր. Բաբկեն Թունյան
InterviewՕրերս ՀՀ կառավարությունը հաստատեց տնտեսության բարելավման արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը, որով սահմանվել են առաջին կիսամյակի հակաճգնաժամային առաջնահերթությունների և գործողությունների շրջանակը: Սրանով նախատեսվում է նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովմանը և միջնաժամկետ տնտեսական օրակարգի ձևավորմանը: Ըստ այդմ, նախատեսվում են 12 նպատակային և 14 աջակցության ծրագրեր իրականացնել, որոնք, ըստ կանխատեսումների, նպատակ ունեն բյուջեի մուտքերը մեկ տոկոսային կետով բարձրացնել:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, անդրադառնալով այս որոշմանը, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված նախագիծը ոչ միայն տնտեսական հրդեhը մարելու նախագիծ է, այլև հիմքեր է ստեղծում երկարաժամկետ կտրվածքով տնտեսական կայունացման և տնտեսական աճի պոտենցիալը վերականգնելու համար:
«Ծրագրում նշված է, որ տարբեր ուղղություններով պետք է խորքային վերլուծություններ կատարվեն, այդ թվում ակադեմիական, փորձագիտական, բիզնես շրջանակների հետ, որպեսզի հետագա ծրագրերն ավելի նպատակային իրականացվեն: Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական ցուցանիշներին, կարծում եմ, որ նախորդ տարվա համեմատ այն ավելի բարենպաստ է լինելու: Ես կարծում եմ, որ այս տարի տնտեսական աճի 4 %-անոց ցուցանիշը իրատեսական է: Այսինքն` իմ կարծիքով 21-ը տնտեսական կայունացման տարի կլինի, իսկ 22 թվականը` տնտեսական աճի տարի»,- ասաց Բ. Թունյանը:
Խոսելով պետական պարտքի ավելացման մասին` պատգամավորը նշեց, որ Հայաստանի դեպքում այն մշտապես պետք է ավելանա, քանի որ բյուջեի ծախսային մասը միշտ ավել է եկամուտներից:
«Տնտեսական խթանման համար աշխարհի բոլոր պետություններում էլ բյուջեի ծախսային մասի ավելացման քայլեր են իրականացվում: Նույնիսկ տնտեսական աճի դեպքում ևս պարտքի ներգրավումն անխուսափելի է: Եվ ավելի կարևոր է դիտարկելը ոչ թե պարտքի չափը, այլ թե պարտքային մասը երկրի տնտեսության ՀՆԱ-ի համեմատ ինչպիսի հարաբերակցություն ունի: Այսինքն՝ տնտեսագետները կարևորում են ոչ թե պետական պարտքի բացաձակ թիվը, այլ այն, թե տնտեսության համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է կազմում: Եթե կենցաղային օրինակով պատկերացնենք, ապա ամսական 100 հազար աշխատավարձ ստացող մարդու համար 50 հազար դրամ պարտք վերցնելը պետք է լուրջ հաշվարկներ ենթադրի, իսկ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողի համար դա կարող է ավելի թեթև բեռ լինել: Այս տարի պետական պարտքն ավելի շատ ավելացավ այն պատճառով, որովհետև մենք ունեցանք կորոնավիրուսային հետևանքներ և պատերազմ: Այսինքն՝ հարկային եկամուտները նվազել են, իսկ ծախսային մասը՝ ավելացել: Եվ այդ պայմաններում տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու միակ ելքը պետական պարտքի ավելացումն էր: Ի դեպ պետական պարտքի աճ մենք ունեցել են 2008-09 թվականներին, երբ ունեցանք մոտ 14 % տնտեսական անկում: Այն ժամանակ պետական պարտքը աճեց ոչ թե տոկոսներով, այլ անգամներով»,- ասաց Բ. Թունյանը:
Արմինե Գրիգորյան