Մայրը որդու ծնունդն է շնորհավորում՝ հպարտությամբ, բայց արցունքներով. Հուզիչ տեսանյութ
TVՀովիկ Սարդարյանի ծննդյան տարեդարձը նշում են առանց նրա: Հավաքվածները լուռ հպարտությամբ են խոսում Հովիկի մասին: Հովիկը հերոս էր. իրենց կողքին ապրող անվախ տղա, որը պիտի անմահանար ու դառնար պատմության մի մասնիկը:
Ամեն ինչ սկսվել է մանկությունից: Հովիկի հերոսները ոչ թե հեքիաթից են եղել, այլ իրական պատմությունից: Մոնթե, Նժդեհ ու Վազգեն Սարգսյան. Հովիկ Սարդարյանը նրանց մասին խոսել է, փորձել նմանվել ու շարունակել նրանց կիսատ թողածը:
Հովիկը ծառայել է Դիլիջանում: Պատերազմի ժամանակ նրանց տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ): Ընտանիքին տեղյակ է պահել ճանապարհից:
«Ամսի 6-ին զանգեց, ասաց՝ գնում ենք Արցախ: Այնքան ուրախ էր գնում, կարծես՝ պատերազմ չէր գնում: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 11-ին: Հարցրեց՝ հեռուստատեսությամբ ի՞նչ են ասում պատերազմի մասին: Հետո էլ ասաց՝ ինչ լինում է, թող լինի, միայն թե վերջում մեր օգտին լինի: Դրանք իր վերջին խոսքերն էին»,-պատմում է Հովիկ Սարդարյանի ավագ եղբայրը՝ Ալբերտ Սարդարյանը:
Իր քաջությամբ Հովիկն անմրցելի էր: Ավագ եղբայրը խոստովանում է՝ Հովիկն իրենից քաջ էր; Մարտի դաշտում էլ՝ ծանրությունն իր վրա է վերցրել, որ գոնե կարողանա պաշտպանել նորակոչիկներին:
«Քաջությամբ՝ ես իրենից ավելի թույլ եմ: Ինքն ինձնից քաջ էր: Ամսի 10-ին իրենց մի մասին իջեցրել են Խնձորեսկ, Հովիկը հրաժարվել է իջնել: Ասել է՝ տեսեք՝ ինչ վիճակ է այստեղ: Եթե ես էլ գնամ, ավելի վատ կլինի: Տղաներն էլ նորակոչիկ են: Տղաները պատմում են, որ սնարյադների վրա գրել է՝ «Դիլիջանի տղաներից» ու ուղարկում թշնամուն», - պատմում է Ալբերտը:
Հովիկին ճանաչողները պատերազմի սկզբից էլ կանխազգում էին՝ Հովիկը տեղում հանգիստ նստել չի կարող:
«Երբ պատերազմը սկսվեց, երբ իմացա, որ Հովիկը գնալու է, սրտումս վախ կար. գիտեի, որ նա կյանքը կտար հայրենիքի համար: Կարծես՝ երկար տարիներ սպասեր սրան: Իր խոսքերի մեջ կար այդ ծարավը՝ հայրենիքի համար ինչ-որ բան անելու»,- ասում է Հովիկի ընկերը:
Մի բուռ դարձած մայրը որդու ծնունդն է շնորհավորում՝ հպարտությամբ, բայց արցունքներով: Հավաքվածներն էլ կիսաձայն շշնջում են՝ ծնունդդ շնորհավոր, հերոս:
Սա Հովիկի պատերազմն էր. նրա հնարավորությունը՝ դառնալ մերօրյա հերոս՝ մեր կողքին ապրող ու արարող: Մեկը, ում միշտ ցանկացել է նմանվել:
Մանրամասները՝ տեսանյութում: