Իշխանությունը պատիվ ու հարգանք, ոչ թե ունեցվածք ձեռք բերելու համար է. Վիգեն Խաչատրյան
Interview Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություն իրականացնելու պահանջ չկա, նշեց, որ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ հուլիս ամսին, երբ կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի արդյունքները հրապարակվեն:
«Բազմաթիվ ցույցեր, երթեր, հանրահավաքներ կազմակերպվեցին, սակայն իշխանության հեռացման պահանջ այդպես էլ չգեներացվեց: Այսինքն, մենք ականատես չեղանք հասարակական լայն շերտի ճնշումների, իսկ եթե թաքնված այնպիսի ուժեր կան, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, ապա դա ևս տեսանելի չէ: Մյուս կողմից, իմ կարծիքով՝ իշխանությունը խոհեմություն դրսևորեց և հայտարարեց, որ պատրաստ են կազմակերպել արտահերթ ընտրություններ, որպեսզի համոզվեն, թե հասարակությունը վստահում է իշխանություններին, թե՞ ոչ: Բայց, տարօրինակն այն էր, որ իշխանությանը հավակնող քաղաքական ուժերը այդ առաջարկի հետ այդպես էլ չհամաձայնվեցին: Գուցե իրենք համոզված են, որ համապատասխան հասարակական վստահություն չունեն: Մյուս կողմից, եթե անկեղծ լինենք, ապա քաղաքական հարթակում չկա այն քաղաքական այլընտրանքը, որը կարող է վստահություն վայելել: Հետևաբար, նման իրավիաճկում գուցե ընտրությունների անցկացումը այդքան էլ իրատեսական չէ: Ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա լավի և ավելի լավի, ոչ թե՝ վատի և ավելի վատի միջև»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ ինքը ևս դժգոհ է իշխանությունների քայլերից, սակայն, ակնհայտ է, որ իշխող ուժի պատգամավորները մեր աչքի առաջ հասունանում են: Չնայած, գուցե ոչ այն չափով, որ պետք է, սակայն, նրանց դիրքորոշումները քաղաքական են, ինչը հնարավոր չէ ասել ընդդիմադիր ուժերի մասին:
«Մյուս քաղաքական կառույցներում, որոնք հայտ են ներկայացնում իշխանության գալու, կներեք, բայց նաֆթալինի հոտ է գալիս: Մարդիկ որևէ կերպ չեն փոխվել ո՛չ խոսքով, ո՛չ բառապաշարով, ո՛չ վերաբերմունքով և նրանք, իմ կարծիքով, իրավունք չունեն մուտք գործել քաղաքականություն: Դեռ քաղաքականություն չմտած՝ պարզ ցույց են տալիս թե ինչքան թույլ է հավաքված իրենց մոտ, զորբայության ինչպիսի պաշար ունեն, ժողովրդի հանդեպ ինչ արհամարհանք ունեն: Ուստի կարևոր է, որ ներքաղաքական հոսանքներ ձևավորվեն, քաղաքական նոր մշակույթ մտնի ասպարեզ, որ իշխանության գալիս են ժողովրդին սպասարկելու համար, ոչ թե իշխանության բարիքներից օգտվելու համար: Իշխանությունը նրա համար է, որ գործիչները ձեռք բերեն պատիվ ու հարգանք, ոչ թե ունեցվածք: Ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, որի ժամանակ կա՛մ ավելի լավը կգա, կա՛մ կթողնեն այս իշխանությունը շարունակի»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Արմինե Գրիգորյան