Հայաստանում առաջիկայում խորհրդարանական ոչ իշխանական ուժերը կազմակերպելու են հանրահավաք, որը կլինի մշտապես: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որը վերջերս է միացել եռյակին:
Վերջինս կարծում է, որ եթե ժողովուրդը պատրաստ լինի, ապա եռյակի հանրահավքները շարունակական կլինեն:
«Այսօր այնպիսի իրավիճակ է, որ երբեք չի եղել Հայաստանում: Ամբողջ դաշտը փորձում է միանալ, մեկ միավոր դառնալ: Սա շատ լավ է, մինչեւ տարեվերջ նաեւ հանրահավաքներ ենք անելու, որոնցից մեկը կլինի մշտապես, այսինքն ամեն օր երթեր ու հանրահավաքներ կլինեն»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ եռյակը պասիվ չէ, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` առանձին հանրահավաք անցկացնելուն, ապա Տիգրան Կարապետյանը կարծում է, որ սրանով եռյակը չի պառակտվելու, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ազատ է իր գործողություններում:
Տիգրան Կարապետյանի կարծիքով, խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է:
«Շատ լավ տրամադրություն ունեմ, շատ գոհ եմ, շատ ոգեւորված եմ, մանավանդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: Նա մեծ հույսեր ներշնչեց ինձ: Կարծում եմ, որ եռյակի լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է, քանի որ նա այնքան շատ բան է արել ժողովրդի համար»,- ասաց նա և հավելեց, որ դեկտեմբերի 10-ի հանրահավքին ինքն էլ է լինելու հարթակում: