Լարվածության պայաններում ընտրությունների արդյունքները կարող են այլ լինել. Սուրեն Սահակյան
AnalysisՔՈ կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը համոզված է, որ ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, այլև իշխանական խմբակցությունը իրականում կողմ չեն արտահերթ ընտրություններին, քանի որ այն արդյունքը չեն կարող ունենալ, ինչ որ ներկայում ունեն: Եվ դա է պատճառը, որ խորհրդարանական երեք ուժերն էլ առանձնապես շահագրգռված չեն, որ նոր արտահերթ ընտրություններ լինեն: Քաղաքական գործիչը համոզված է, որ այդուհանդերձ արտահերթ ընտրություններ կլինեն, պարզապես հարցը ժամկետներն են:
Խոսելով արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասին, Orer.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե նրանց մոտեցումներում ոչինչ չփոխվի, հասրակությունը կրկին չի համախմբվի նրանց շուրջ:
«Խնդիրն այն չէ, որ ձմեռ էր, ցուրտ էր կամ այլ բան խանգարեց արտախորհրդարանական ուժերին: Խնդիրն այն է, որ նրանց առաջարկած օրակարգը չկիսեց հասարակությունը: Եթե խոսքը հակասահմանադրական գործողությունների մասին լինի, ապա բնական է, որ այն արժանանալու է իրավապահ ուժերի ուշադրությանը, ուստի չեմ կարծում, որ այդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն կողմ է հասարակությունը»,- նշեց Ս. Սահակյանը:
Նրա կարծիքով հասարակությունը պետք է առաջին հերթին վստահի իշխանություններին, իսկ պարզելու համար, թե որքանո՞վ է այսօր վստահում, հարկավոր է սոցիոլոգիական հարցումներ իրականացնել:
«Այս պահին հասկանալի չէ, թե որքան է ներկայում ՀՀ իշխանությունների լեգիտիմության աստիճանը, կամ՝ հասարակության ո՞ր մասն է նրանց շարունակում վստահել: Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու համար էլ պետք է կա՛մ սոցիոլոգիական ընտրություններ հարցում իրականացնել, կա՛մ արտահերթ ընտրություններ, բայց ներկա միջավայրում դժվար է պատկերացնել, թե ընտրություններն ինչպես կանցնեն: Մեզ պետք է հանգիստ պայմաններում, նորմալ ընտրություններ իրականացնել, որտեղ հստակ կերևա, թե քաղաքական որ ուժերին ինչքանով են վստահում, բայց լարվածության պայաններում ընտրությունների անցկացումը կարող է ազդել արդյունքների վրա և արդյունքում չունենանք այն պատկերը, որը հասարակության ցանկությունների արտահայտությունը կլինի: Մեկ բան հստակ է, ներկա իրավիճակում հայտվել ենք փակուղու արջև, որը հանգեցրել է ներքաղաքական ճգնաժամի: Դրանից դուրս գալու համար հարկավոր է ամեն կերպ դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշեց Ս.Սահակյանը:
Արմինե Գրիգորյան