Կա՛մ ընդդիմությունը կգնա տուն, կա՛մ իշխանությունը
PoliticsՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ՊՆ-ն ևս բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի իր զիջողական պահվածքի համար, որը, ըստ նրա այդքան էլ անհասկանալի չէ:
«ՊՆ-ն որտե՞ղ էր, երբ մեր համայնքի ղեկավարներն էին բանակցություններ վարում թուրքերի հետ: Ես կոչ կանեմ ՊՆ-ին լինել իր տեղում դերում եւ ազդել քաղաքական այն որոշումների վրա, որը մեզ պարտադրում է զիջումներ»,-ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը խոստացել է նաև, որ փետրվարի 20-ի հանրահավաքը հետաքրքիր վերջաբան է ունենալու, բայց թե ինչի մասին է խոսքը՝ նա չի մանրամասնել: Փաստորեն, հարթակային ընդդիմությունը շարունակում է հետաքրքիր սցենարներ մշակել, բայց թե խոսքը ինչի մասին է` կիմանանք առաջիկայում: Քաղաքական որոշ վերլուծաբանների կարծիքով այս հանրահավաքը կլինի նաև ընդդիմության քննությունը և ավելի պարզ կդառնան թե՛ հասարակական տրամադրությունները և թե՛ առաջիկա անելիքների անհրաժեշտությունը: Կարևորը, սակայն, որ դրսում եղանակն այլևս սաստիկ ցուրտ չէ, և իշխանությունից դժգոհ հասարակությունը կարող է երկար մնալ դրսում: Բայց արդյո՞ք կլինի նման ցանկություն և կհավաքվի՞ արդյոք կրիտիկական զանգված, պարզ կլինի առաջիակայում: Ամեն դեպքում, սա նաև յուրօրինակ ստուգատես է ընդդիմության համար, որից հետո կա՛մ ընդդիմությունը կգնա տուն, կա՛մ իշխանությունը:
Արմինե Գրիգորյան