Հարևան երկրի նպատակը տարածաշրջանում Հայաստանի չգոյության հարցն է. Սերոբ Անտինյան
AnalysisԿառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի կարծիքով՝ նորանկախ Հայաստանի քաղաքական միտքը երբեք էլ աչքի չի ընկել գլոբալ աշխարհաքաղաքական տեսլականով: Եվ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել և ունենում աշխարհում, որոշակի ժամանակ անց փոփոխությունների պատճառ են հանդիսանում աշխարհաքաղաքական տեսանկյունից, որոնք, սակայն, հիմնականում հայկական քաղաքական օրակարգից և մտքից դուրս են մնում:
Մինչդեռ հարկավոր է գլոբալ առումով նայել հայոց պետականության հիմքերին և խնդիրներին, որի արդյունքում պարզ կդառնա, որ դրանք բնավ էլ լոկալ, անգամ՝ տարածաշրջանային խնդիրներ չեն, այլ գտնվում են տարածաշրջանային շահերի բախման կիզակետում:
«Այս առումով շատ տեղին կլինի, եթե սկսենք ամեն ինչ դիտարկել հենց այս տեսանկյունից: Հարկավոր է ժամանակին տեսնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր շուրջը և ըստ այդմ կառուցել թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը: Պետք է նկատել, որ այսօր նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է տեղի ունենում, ուստի գտնվելով տարածաշրջանային վտանգավոր գոտում պետք է կարողանանք բազմավեկտոր, ճկուն արտանքին և ներքին քաղաքականություն վարել: Պետք է կարողանանք նաև աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ արդյունավետ աշխատել, հակառակ դեպքում կշարունակենք կորցնել»,- ասաց Ս. Անտինյանը:
Խոսելով թուրքական կողմի իրական նկրտումների մասին փորձագետի դիտարկմամբ հարևան երկրի նպատակը տարածաշրջանում Հայաստանի չգոյության հարցն է: Ուստի, Թուրքիայի քայլերին մետք է նայել հենց այս տեսանկյունից: Եվ այն տեսակետը, թե Թուրքիան այս կամ այն հարցում է միայն փորձում ընդդիմանալ Հայաստանին, իրատեսական չէ: Սա այնքան ակնհայտ իրողություն է, որ փաստվում է Թուրքայի ցանկացած քայլով: Ուստի հարևանների հետ հարաբերությունները բարելավելուց առաջ հարկավոր է հաշվարկել այն գինը, որը մեզանից կպահանջվի այդ գործընթացների դիմաց:
«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ներկայիս քայլերը միտված են նաև թուրքական կապիտալի ներհոսքին տարածաշրջան: Սա ևս սպառնալիք է, որը պետք է մենք նկատի առնենք և հաշվարկենք, թե ինչպես պետք է այս ամենին դիմակայենք»,- ասաց Ս. Անտինյանը:
Արմինե Գրիգորյան