Մեր ունեցած հնարավորություններով կարելի էր հասնել ո՛չ հաղթանակ, ո՛չ պատերազմ արդյունքի. Պետրոս Մակեյան
Analysis«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համոզված է, որ հարկավոր է այլընտրանքային դաշինք ձևավորել, որպեսզի հանրությունը ստիպված չլինի ընտրություն կատարել նախկինների և ներկաների միջև:
Հակառակ դեպքում, եթե դաշտը շարունակի նույն ձևով բևեռացված մնալ, ապա հանրությունը ստիպված է լինելու ընտրություն կատարել վատի և վատագույնի միջև: Քաղաքական գործիչը խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե՝ 2018-ի հեղափոխությունն ինքնին հակաարցախյան բնույթ ուներ, նշեց, որ դա բավականին վտանգավոր և ենթատեքստ ունեցող հայտարարություն էր:
«Դրանով նա փորձեց հայությանը կրկին բաժանել հայաստանցի-ղարաբաղցի հասկացությունների: Եթե նա շարժումը որակեր հակահայկական, ես այն նորմալ կընդունեի, սակայն այդ ձևակերպումն ինձ համար ընդունելի չէ: Բացի այդ, հարցազրույցում ասվեց, որ Սարգսյանն իշխաությունը փորձել է տալ Կարեն Կարապետյանին, սակայն նա չի կարողացել պահել այն: Սակայն՝ այդպես չէ: Ես եղել եմ իրադարձությունների կիզակետում և տեսնում էի, որ իրադարձություններն ուղղորդվում էին մի անտեսանելի ձեռքի միջոցով, որը Սերժ Սարգսյանն էր, ռուսական հովանու տակ: Եվ, փաստորեն, նրա սցենարով և Նիկոլի ձեռքով իրականացրեց նաև «Լավրովի պլանը»: Հակառակ դեպքում, նույնիսկ մեր ունեցած հնարավորություններով կարելի էր հասնել ո՛չ հաղթանակի, ո՛չ պատերազմի արդյունքի, բայց մենք, փաստորեն, հայտնվեցինք կապիտուլյացիայի իրավիճակում: Այնպես որ, ես կարծում եմ, որ այս ամենը Սերժ Սարգսյանի գծած պրոյեկտն էր, որը կյանքի կոչվեց»,- ասաց Պ. Մակեյանը:
Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ևս տեղյակ էր այդ ամենի մասին, բայց մտածել է, որ կկարողանա շրջանցել այդ իրավիճակը և հերոսանալ:
«Նիկոլը եթե կարողանար բեկում մտցնել պատերազմում, կդառնար հերոս, բայց իմանալով սցենարը, ոչ թե հերոս դարձավ, այլ ինչպես նախկիններն են ասում՝ դավաճան»,- ասաց Պ. Մակեյանը: