Քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների. Ստեփան Դանիելյան
AnalysisՔաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով ներկայում Հայաստանում և՛ քաղաքական, և՛ կառավարման, և՛ պետական ճգնաժամեր են և դրանցից դուրս գալու համար անհրաժեշտ է լուծումներ գտնել:
«Իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը և դրա հետևանքով պետք է փոփոխություններ լինեն, սակայն, գործող իշխանությունն այդ փոփոխությունները չի փորձում նախաձեռնել: Դրան զուգահետ ընդդիմությունն է փորձում փողոցային պայքարի միջոցով իրավիճակ փոխել: Այսպիսին է ընդհանուր իրավիճակը, սակայն, մեկ բան ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:
Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, թե՝ որքան նախկին իշխանությունների ներկայացուցիչները քաղաքական դաշտում ակտիվ են լինում, այնքան ավելի են երկարաձգում Փաշինյանի իշխանությունը, քաղաքագետն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում նախկին, ներկա կամ այլ պիտակավորումները լուրջ չեն, քանի որ համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող միակ պետական մարմինը Ազգային ժողովն է: Ուստի, այդ ընտրությունների ժամանակ է հասարակությունը որոշում, թե որ ուժին է նախընտրում:
«Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին մի քանի տասնյակ քաղաքական ուժեր կմասնակցեն և թող հասարակությունն ըստ ներկայացվող ծրագրերի իր ընտրությունը կատարի: Այսինքն՝ իշխանության փոփոխության հարցում նախկին-ներկա հարցը հնացած ձևաչափ է, առավել ևս, որ ներկաները մի քանի գլուխ ավելի վատն են, քան նախկինները: Ինչ վերաբերում է երրորդ բևեռի ձևավորմանը, ապա ես չեմ կարող ասել, թե քաղաքական ուժերից քանիսն ունեն օրակարգեր, բայց հարցն այն է, որ նախկին, ներկա, երրորդ, չորրորդ ուժերի փնտրտուքը բերեց նրան, ինչը որ ներկայում ունենք: Մինչդեռ քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների, որը, ցավոք այս պահին չկա: Ուստի, գաղափարական պայքարի բացակայության պարագայում ինչ-ինչ քաղաքական ուժերի մասին խոսելը դառնում է մեխանիկական պրոցես, առանց բովանդակության: Քաղաքական ճգնաժամից դուրս չգալու պատճառներից մեկը նաև սա է, որը ևս պետք է հաղթահարվի»,- ասաց Ս.Դանիելյանը: