Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
International newsԿորոնավիրուսի նոր տարբերակը` իր մուտացիաներով, որը, ենթադրաբար, կարող է նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը, տարածվում է Նյու Յորքում, հայտնում է New York Times-ը` վկայակոչելով Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը:
Բժիշկները հայտնաբերված տարբերակը անվանել են B.1.526: Նշվում է, որ առաջին անգամ այն հայտնաբերվել էր նոյեմբերին քաղաքում վերցված նմուշներում, իսկ փետրվարի կեսերին այն արդեն բավականին տարածված էր:
«Մենք դեպքեր ունենք Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Քուինսում և Ստորին Մանհեթենում, ինչպես նաև Բրուքլինում: Այնպես որ, կարծես, վիրուսը տարածված է: Սա մեկուսացված բռնկում չէ», - ասել է «Aaron Diamond» հետազոտական կենտրոնի տնօրեն դոկտոր Դեյվիդ Հոն։ Հաղորդվում է, որ Նյու Յորքում տարածվող կորոնավիրուսը ունի նաև մուտացիաներ, որոնք արդեն հայտնաբերվել են այլ երկրներում, այդ թվում ՝ Հարավային Աֆրիկայում: Աշխարհում արդեն հայտնաբերվել են կորոնավիրուսի մի քանի տարբեր շտամներ: Դրանցից շատերը սերտ նմանություն ունեն բրիտանական, հարավաֆրիկյան, բրազիլական կամ ճապոնական շտամներին: