Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան
AnalysisՔաղաքագետ Սուրեն Պետրոսյանը համոզված է, որ այսօր Հայաստանը գտնվում է խորքային քաղաքական ճգնաժամային իրավիճակում, որից դուրս գալու սահմանադրական միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է և արտահերք ընտրությունների անցկացումը: «Վարչապետը ոչ թե պետք է բավարարի 17 կուսակցությունների՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջը, այլ պետք է հրաժարական տա և կազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Սա թերևս կարող է փոխզիջումային լավագույն տարբերակը լինել, որպեսզի մենք մնանք Սահմանադրության շրջանակներում և երկիրը չտանենք դեպի քաղաքացիական բախումների ճանապարհով: Հակառակ դեպքում ճգնաժամը գնալով ավելի կխորանա և երկրում գործող ինստիտուտները գնալով է՛լ ավելի կհակադրվեն միմյանց»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Ի դեպ, տեսակետ կա, որ նման բևեռացման և լարվածության պայմաններում հնարավոր չէ նորմալ և անվտանգ ընտրություններ իրականացնել: Խոսելով այս մասին, քաղաքագետը նշեց, որ այդ առումով շատ կարևոր է այն, թե հասարակությունն արտահերթ ընտրության հիմքում ինչ բովանդակություն և վարքաբանություն կդնի: «Եթե մենք ընտրություններ են կազմակերպելու, որի ժամանակ կողմերից որևէ մեկը չի խնայելու որևէ միջոց արդյունքի, այսինքն՝ իշխանության հասնելու համար, ապա մենք կունենանք պետականության կորուստ: Սա պետք է երկու կողմերն էլ հստակ գիտակցեն:
Ուստի, բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ ընտրություններն ընթանան հնարավորինս մաքուր և թափանցիկ և այդ ճանապարհով գնան: Հակառակ դեպքում մենք կկանգնենք քաղաքացիական բախումների շեմին: Եվ առաջին հայացքից ինչքան էլ այդ լարվածությունը չի երևում, բայց դա բավականին մոտ է, որովհետև մենք ունենք մի իրվիճակ, որտեղ որևէ փոխզիջումային տարբերակ չի գործում և չի էլ գործելու:
Սրան զուգահեռ կա նաև մի իրավիճակ, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը կորցնում ամեն ինչ: Հետևաբար, եթե այս տրամաբանությամբ խաղը գնա, ապա կողմերը կգնան բոլոր հնարավոր քայլերի, որպեսզի տիրեն ամբողջին: Ուստի, իմ կարծիքով, հարկավոր է ընտրությունների շրջանակներում ձևավորել օրակարգ, համաձայն որի՝ վարչապետի հրաժարականից հետո ընտրությունները կկազմակերպվի ժխտողականությունն ու մերժողականությունը փոխարինելով հանունի տրամաբանության»,- ասաց Ս.Պետրոսյանը:
Խոսելով քաղաքական երրորդ բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին քաղաքագետը նշեց, որ թեև կան նոր ձևավորված քաղաքական ուժեր, սակայն այդ ուժերն ինստիտուցիոնալացնելու խնդիր կա: Պետրոսյանի դիտարկմամբ՝ դրանցից շատերը չունեն հստակ նպատակներ, գաղափարներ,կոնսոլիդացիոն գործընթացին ուղղված որոշակի ճանապարհային քարտեզ, բացի այդ, շատ դեպքերում առաջնորդվում են կաճաժամկետ շահով, ինչը ևս անընդունելի է: «Մենք ունենք քաղաքական դաշտի խորքային փոփոխության անհրաժեշտության և խորքային գաղափարների առաջնահերթության կարիք: Ուստի երրորդ բևեռի տարբերակը ևս լուծում չի կարող դառնալ, քանի որ նրանք գալու են, կրկին ունենալու են կարճաժամկետ նպատակներ՝ որոշակի ձայներ ստանալով խորհրդարան մտնեն և վերջ:
Բացի այդ, նրանք հասարակությանը դեռևս հայտնի չեն: Ու եթե այս պահին գնան հնարավորինս հայտնի դառնալու ճանապարհով, հասարակությունը բավականին դժվար նրանց կվստահի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ լուծումներին, ապա մենք անպայման պետք է նոր քաղաքական ուժեր ունենանք, նոր գաղափարների կրողներ, նոր գործիքակազմ, նոր վարքաբանություն և դրանց վրա հիմնված գաղափարական մոտեցումներ: Թող շատ ամպագորգոռ չհնչի, մենք դրա հետ միասին պետք է ունենանք նաև հասարակությանը գաղափարապես վերակառուցելու մոտեցումներ: Եթե մենք սա չունեցանք, մենք շատ կարճ ժամանակ հետո չենք ունենա պետականություն:
Սա ոչ թե էմոցիոնալ հայտարարություն է, այլ՝ սա պատմական ճշմարտություն է, որը գործում է մաթեմատիկական ճշգրտությամբ: Առավել ևս, երբ 30 տարի շարունակ երկիրը գտնվել է իրավիճակային կառավարման համակարգում սպասարկելով հատվածային և խմբային շահեր: Եվ եթե մենք այս ամենը չվերաիմաստավորենք, ապա մենք կկորցնենք մեր պետությունն ու պետականությունը»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Արմինե Գրիգորյան