Նիկոլ Փաշինյանի վախերն ու Սերժ Սարգսյանի հաշվարկը
AnalysisՆիկոլ Փաշինյանը վերսկսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քաղաքական կոնսուլտացիաները։ Մեծ հաշվով, այդ գործընթացը քաղաքական համարելը սխալ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից ցանկանում է ստանալ երաշխիք, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։
Փաշինյանը նույնիսկ իր «Իմ քայլը» խմբակցությանը չի վստահում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, գոնե ԲՀԿ-ն, հրաժարվում են Փաշինյանին երաշխիքներ տրամադրել։
Ի՞նչ վիճակ է արտախորհրդարանական ուժերի ճակատում։
Այստեղ կարևոր դեր է ստանձնել Հանրապետական կուսակցությունը։ Նախ այն պատճառով, որ ՀՀԿ-ն եղած ուժերի մեջ ամենազանգվածայինն է ու ամենաինստիտուցիոնալացվածը։ Բայց, ի հեճուկս այդ ամենի, ՀՀԿ-ն հայտարարեց, թե արտահերթ ընտրություններին չի մասնակցի, եթե Նիկոլ Փաշինյանը կազմակերպի այդ ընտրությունները։
2018թ.-ի ընտրություններում, էյֆորիայի անհավանական դոզայի պայմաններում, ՀՀԿ-ն, որը զրկվել էր իշխանական բոլոր ռեսուրսներից ու լծակներից, այդուհանդերձ հավաքեց գրեթե 5% քվե։ Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում բացառապես քաղաքական գործիքակազմով Հանրապետականը պատկառելի քվեներ է հավաքելու, նաև այն պատճառով, որ վերջին երեք տարում այդ կուսակցության մասով փչված բազմաթիվ ստեր հօդս ցնդեցին։
Հասարակությունը տեսավ, որ այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը, ստի ու կեղծիքի ժանրից էր, տարիներ շարունակ հանրությանը վարպետորեն մոլորեցնելու հաջողված փորձ։
Հետևաբար, ցանկացած այլ կուսակցություն, ոգևորված այս իրավիճակից, կնետվեր արտահերթ ընտրություններին մասնակցելու և իր ներկայությունը խորհրդարանում ապահովելու շանսի հետևից։
Սակայն ՀՀԿ-ն հրաժարվելու է մասնակցել ընտրություններին եթե այդ ընտրությունները կազմակերպի և անցկացնի Նիկոլի իշխանությունը։
Այս որոշումն ունի 2 կոմպոնենտ։ Նախ քաղաքական նոնսենս է, որ Հայաստանն ու Արցախը պատերազմում պարտության տարած իշխանությունը քիչ չէ, դեռ վարչապետ է, նույնիսկ ընտրություններ է կազմակերպում։
Եվ երկրորդ 44 օր պատերազմ կեղծած մարդն ի՞նչ երաշխիք, որ ընտրություն չի կեղծի, հատկապես, որ մարտի 1-ին ողջ պետական ռեսուրսը օգտագործելով կարողացել էր հանրահավաքին ապահովել 15000 մարդու ներկայություն։
Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ վարչապետի լիազորությունները ցած դնելուց անմիջապես հետո անգամ անձնական անվտանգությունը իրեն չի պաշտպանելու և կանչվելու է պատասխանատվության։ Հետևաբար նա հնարավորն ու անհնարն անելու է՝ իր իշխանությունը վերարտադրելու համար։
ՀՀԿ-ն զուտ քաղաքական, ինչպես նաև հարցի բարոյական տեսանկյունից ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Սակայն ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե այդուհանդերձ արտահերթ ընտրություններ կազմակերպվեն գործող իշխանության կողմից։ Մի կողմից հայտարարել են, որ չեն մասնակցի դրանց, մյուս կողմից թողե՞լ, որ Նիկոլի իշխանությունը հանգիստ վերարտադրվի։
Ես չգիտեմ, թե ինչպես կվարվի ՀՀԿ-ն, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հաշվարկել է հետագա քայլերը։ Չէ՞ որ նա բարդ շախմատային քաղաքական պարտիաներ անցկացնելու գիտակ է։