Ադրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսապայմաններից
International newsԱդրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսական պայմաններից:
Ինչպես տեղեկացնում է «Infoteka24»-ը, համացանցում հրապարակված տեսանյութում նրանք բողոքում են, որ ուտելիքը միայն ջուր ու հաց է, այլեւս ոչինչ չկա: Զինծառայողները նաեւ բողոքում են, որ պետությունը հաշմանդամների կարգերը սխալ է տրամադրում:
Օրինակ` նրանցից մեկն ասում է, որ հաշմանդամության երկրորդ կարգ են տրամադրում նրան, ով չունի ոտքեր, երրորդ կարգ՝ կույրերին, իսկ նրանց, ովքեր գանգուղեղային վնասվածք են ստացել, ընդհանրապես ոչինչ չեն վճարում: Զինծառայողը նշում է, որ իշխանության ներկայացուցիչները թաքնվել են պատերազմի ժամանակ, իսկ ռազմաճակատ են տարել աղքատներին: Այնուհետեւ բոլոր զինծառայողների աշխատավարձերը իջեցրել են, միայն բողոքներից հետո այն կրկին նախկինի չափ են սահմանել:
Մեկ այլ զինվոր ասում է, որ չի զգում իր ոտքը, ինքը չի կարող քնել գիշերը, իր ընկերները մահացել են իր ձեռքերի վրա: Երբ նրան հարցնում են, թե որոնք են իշխանություններից իր պահանջները, նա ասում է, որ նրանք պետք է հարգանք ցուցաբերեն:
Եվս մեկը բողոքում է, որ աշխատանք չկա: Նա պատմել է, որ պատերազմի սկզբում զանգահարել են, կանչել են: Ինքը, իր նմանները գնացել են, ծառայել են, վերադարձել են, իսկ հիմա, նրա խոսքով, ոչ ոք իրենց շուն էլ չի համարում: