Աշխարհի ամենահարուստ գործարարները 1 օրվա ընթացքում կորցրել են ավելի քան 23 միլիարդ դոլար
EconomicsԱշխարհի տասը ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը մեկ օրվա ընթացքում նվազել է ավելի քան 23 միլիարդ դոլարով, գրում է Forbes-ը՝ սեփական տվյալներին հղումով:
Նշվում է՝ օրերի կտրվածքով կարողության ամենամեծ անկումը գրանցվել է Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի մոտ: Նրա կարողությունը նվազել է 9,9 միլիարդ ԱՄՆ դոլարով (5,77 տոկոս) և, ընդհանուր առմամբ, կազմել 162,1 միլիարդ դոլար: Ներկայում Մասկը զբաղեցնում է Forbes-ի վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Երկրորդ տեղում է Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը նվազել է 0,5 միլիարդ դոլարով և կազմել է 162,6 միլիարդ դոլար:
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ գործարարը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, շարունակում է մնալ առաջին տեղում, չնայած այն փաստին, որ նրա կարողությունը մեկ օրում ևս զգալիորեն նվազել է 5,7 միլիարդ դոլարով և կազմել է 178,1 միլիարդ դոլար:
Google-ի համահիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի կարողությունը ևս նվազել է: Նա կորցրել է 2,3 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է Սերգեյ Բրինին, ապա վերջինս կորցրել է 2,2 միլիարդ դոլար: Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 1 օրում կորցրել է 1,9 միլիարդ դոլար, այժմ նրա կարողությունը գնահատվում է մոտ 101,7 միլիարդ դոլար:
Նշվում է՝ 10 առաջատար միլիարդատերերից միայն ներդրող Ուորեն Բաֆեթի կարողությունն է աճել 0,5 միլիարդ դոլարով և հասել է 96,5 միլիարդ դոլարի:
Ավելին...