«Նման իշխանության և նման մանիպուլյացիաների պարագայում շատ ավելի մեծ սպառնալիքների առջև ենք կանգնում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Առկա խնդիրները հաղթահարելու հիմնական ուղիներից մեկն, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, քաղաքական ռեսթարթն է, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ելք կարող են լինել միայն այն դեպքում, եթե դրանց արդյունքը կասկածելի չլինի: Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին ու հայտարարված խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը մի քանի խնդիր առանձնացրեց:
«Այս դեպքում լավագույն ելքը, իհարկե, կլիներ այն, որ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեզոք կառավարություն ձևավորվեր, այդ կառավարությունը կարողանար մեկ տարի իրավիճակը կարգի բերել և դրանից առնվազն մեկ տարի հետո միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացներ՝ բոլորին տալով հավասար կարգավիճակ: Բայց հիմա ընդդիմությունը չկարողացավ հասնել դրան, Նիկոլ Փաշինյանն էլ, համենայն դեպս, այս պահի դրությամբ համաձայնել է հունիսի 20ին արտահերթ ընտրությունների գնալ»,ասաց Ա. Բադալ յանը:
Թեև նկարագրվածն այս պահին առկա փաստն է, բայց քաղտեխնոլոգն առաջիկայում ոչինչ չի բացառում: «Շատ հավանական է, որ զարգացումները լինեն այնպիսին, որ ընտրությունները չկայանան: Բայց խնդիրն այն է, որ երկիրը, մեծ հաշվով, գտնվում է ինքնահոս վիճակում. որևէ տեղ զարգացում չկա, տնտեսական աճ չկա: Բացի այդ, իշխող քաղաքական ուժը թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից գոնե տեսանելի աջակցություն չունի: Արցախի հարցն էլ մի կողմից է չլուծված: Ե՛վ երկրի ներսում, և՛ դրսում ցանկություն կա իմանալ, թե նշված քաղաքականությունն իրականացնելու համար գործող վարչապետն ինչ աջակցություն ունի: Բացի այդ, տնտեսական կյանքը բավականին վատ վիճակում է, ներդրումներ ևս չկան, շուտով սոցիալական լարվածությունը կարող է բավականին բարձրանալ, կա նաև գնաճ, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում: Այնպես որ, երկրում ստեղծված այս բոլոր լուրջ խնդիրները հաղթահարելու համար, բնականաբար, քաղաքական համակարգի ռեսթարթ է անհրաժեշտ: Այս պայմաններում տեսնում ենք նաև, որ կառավարման համակարգն ամբողջովին չի գործում՝ այն խափանված է: Երբ խոսում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ու չգիտենք, թե դրանց ավարտն ինչպիսին է լինելու, բնականաբար, պետական կառավարման համակարգը սպասողական վիճակ է ընդունում, թեպետ դեռ դեկտեմբերից է այդ վիճակում, երբ առաջին անգամ խոսվեց արտահերթ ընտրությունների մասին: Բնականաբար, կառավարման համակարգը սպասում է, թե երբ է այս իրավիճակում ինչոր չափով հստակեցում լինելու, ինչը կարող է լինել միայն կասկածներ չհարուցող ընտրությունների արդյունքով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է կասկածներ չհարուցող ընտրությունների հնարավորությանը՝ այդ համատեքստում քաղտեխնոլոգն ընդգծեց. «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իշխանության մնալու համար անում է ամեն ինչ: Բնականաբար, ընդհանրապես չի բացառվում, որ նման իրավիճակում ոչ միայն վարչական, այլև վարչաֆինանսական ռուսուրս կարող է կիրառել: Հնարավոր է, որ իշխող քաղաքական ուժն իր իշխանությունը պահպանելու համար վարչաֆինանսական ռեսուրս կիրառի, միևնույն ժամանակ, ընդդիմությունը դա թույլ չտալու համար պետք է անի ամեն ինչ: Կհաջողվի, թե ոչ, ապագան ցույց կտա»:
Արմեն Բադալ յանի խոսքով, թեև դե յուրե քարոզարշավի մեկնարկը չի տրվել, բայց Ն. Փաշինյանի թեզերն արդեն տեսանելի են:
««Ապրենք խաղաղ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ու մերժենք այն ռևանշիստ նախկիններին, որոնք գալիս են մեր հաստատած խաղաղությունը չեղյալ հայտարարելու համար»: Օրերս Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում իր ելույթի մեջ հենց այս երանգները հնչեցին: Եվ, բնականաբար, շատ հավանական է, որ այս ամենը ներկայացվի ատելության և «սև ու սպիտակի» խիստ ընդգծված երանգով: Ընդդիմությունն էլ, բնականաբար, պետք է գտնի այդ թեմային հակակշռելու իր՝ պահանջարկ վայելող բովանդակությունը: Եթե կարողացավ գտնել, ապա նրա քարոզարշավի վերոնշյալ բովանդակությունը կզրոյացվի և չի աշխատի»,-նկատեց նա:
Անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարություններին, որոնք հաճախ հերքվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ հենց իր կողմից, քաղտեխնոլոգը նշեց. «Այդ հարցը կարճ պատասխան ունի. Փաշինյանը սովոր է սուտ խոսելուն ու մանիպուլ յացիաներին: Ինքն աշխատում է հենց տվյալ վայրկյանի համար: Այդ վայրկյանն անցավ, հինգ վայրկյան հետո արդեն իրեն չի հետաքրքրում, թե ինչ կասեն: Օրինակ՝ Օհանավանի բնակիչներին ներկայացրեց զոհերի թիվը՝ առանց հաշվի առնելու, որ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը զոհերի այլ՝ ավելի մեծ թիվ էր ներկայացրել: Իրեն տվյալ պահին պետք էր մանիպուլ յացիա անել ու քիչ զոհ ներկայացնել, ինչն արեց: Իսկ թե ինչ կլինի վայրկյաններ անց, չի հետաքրքրում»:
Մեր զրուցակցի խոսքով, նման իշխանության, նման վարչապետի և մանիպուլ յացիաների պարագայում շատ ավելի մեծ սպառնալիքների առջև ենք կանգնում, որոնց մի մասն արդեն իսկ իրականություն է դարձել:
«Մենք արդեն տեսանք հետևանքը՝ Արցախը զիջվեց Ադրբեջանին: Բացի այդ, վտանգն այն է, որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չեն գալիս: Զուգահեռ՝ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի բոլոր խաղացողների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները զրոյացրել են: Արդյունքում հակաչինական կոալիցիայի մեջ ես, Ամերիկայի դաշնակից չես, ՌԴ-ի հանդեպ սառած, բացասական վերաբերմունք ունես: Արաբական աշխարհի հետ հարաբերությունները ևս զրո են: Այս բոլորը մանիպուլ յացիաների հետևանք է: Արդեն այս փուլում կաշխատեն այդ մանիպուլ յացիաները, թե ոչ, կախված է ընդդիմության աշխատանքից: Եթե ընդդիմությունը կարողանա գրագետ հակակշռել, այդ մանիպուլ յացիաները չեն աշխատի: Այս պահին նման շատ թերի աշխատանք եմ տեսնում: Մեծ հաշվով, եթե ընդդիմությունը կարողացավ հզոր լինել, արտահերթ ընտրությունները կկայանան: Եթե չկարողանա պարտադրել խաղի իր կանոնները, այսինքն՝ արտահերթ ընտրությունների անցկացումն իր պայմաններով, ուրեմն դրանք կարող են տեղի չունենալ: Մեծ հաշվով, շատ բան կախված է ընդդիմադիր ուժերի գործունեությունից»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջի շուրջ ձևավորված օրակարգին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ փոփոխված Ընտրական օրենսգիրքն իրականում կարող է երանգ փոխել: «Եթե ընդունում են այն Ընտրական օրենսգիրքը, որում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և մի կողմ են դնում գործողը, որը, փաստացի, մեծամասնական է, դա նշանակում է, որ առանձին կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելու գործընթացը հեշտանալու է: Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք միգուցե դե յուրե ունեն անհրաժեշտ չափով վարկանիշային թեկնածուներ և կարող են ցուցակ լրացնել, բայց այդ մարդիկ քաղաքական ծանր կշիռ չունեն: Եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվում է, որոշակիորեն հեշտանում է կուսակցությունների գործը: Այսինքն, որոշ կուսակցություններ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կմասնակցեն ընտրություններին, իսկ չփոխվելու դեպքում չեն մասնակցի, ինչպես, օրինակ, ՀԱԿ-ը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում