«Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է. այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Երկրում առկա քաղաքական լարվածությունը թոթափելու նպատակով գործող իշխանությունները որոշել են հունիսի 20-ին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Չնայած քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ նշում են, որ այս ընտրություններն են միակ ելքը երկրում բոլոր ոլորտներում առկա անկայունությունը հաղթահարելու համար, ոմանք կարծիք են հայտնում, որ քաղաքական և հոգեբանական առումով հիմա ընտրություններ կազմակերպելը սխալ որոշում է:
Նրանց կարծիքով՝ պետք էր ձևավորել ժամանակավոր կառավարություն, այդ ընթացքում իշխանությունները հրաժարական կներկայացնեին, և երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեին, հասարակությունն էլ պատրաստ լիներ որոշում կայացնելու, այն ժամանակ միայն կազմակերպվեին խորհրդարանական ընտրություններ: Սակայն այս պահին փաստն այն է, որ ընտրություններին մնացել է երեք ամիս ժամանակ: Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանը նշում է՝ ոչ թե փաստ է, որ հունիսի 20-ին լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ դա փաստի աղավաղում է:
«Իմ կարծիքով՝ նման բան լինել չի կարող, քանի որ դա կլինի տրամաբանությունից դուրս, չնայած այն, ինչ մեր երկրում այժմ կատարվում է, արդեն տրամաբանությունից դուրս է: Կարծում եմ՝ ընտրությունների մասին խոսվում է՝ փորձելու համար հասարակության արձագանքը: Դա հատուկ եղանակ է՝ խոսել դրա մասին որպես հաստատված փաստի, մինչդեռ դա հերթական սուտն է, որը հնարավոր է դառնա իրականություն, եթե հասարակությունը դարձյալ գնա այդ խարդավանքին, այդ խաբեությանը: Ոչ մի իրավունք և հիմք չկա այս ձևով արտահերթ ընտրություն հայտարարելու: Եթե այս իշխանությունն իրավունք ունի, իրավասու է ընտրություններ կազմակերպել, էլ ինչո՞ւ ենք ընտրություններ անում: Ամբողջ հարցն այն է, որ նա դրա իրավունքը չունի: Ողբերգական, չարաբաստիկ պատերազմից հետո առաջարկվեց ստեղծել ժամանակավոր կառավարութուն՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ:
Կարծում եմ, որ ներկա պահին դա էր ամենաճիշտ ճանապարհը: Ինչո՞ւ են խուսափում այդ ճանապարհից: Սա քաղաքակիրթ և նաև անելանելի վիճակից դուրս գալու, ինչ-որ չափով, կոմպրոմիսային լուծում է: Անցումային շրջան, որից հետո ավելի խաղաղ և դրական պայմաններում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարինե Հակոբյանը և իր կողմից հարց հնչեցնում.- Ի դեպ, ո՞ւր է Տիգրան Մուկուչյանը, դեռ պահպանվո՞ւմ է այս իշխանությունների կողմից: Ինչո՞ւ մինչև հիմա դատապարտված չէ: Եվ այս պայմաններում կարելի է խոսել ազնիվ ընտրությունների մասի՞ն: Եվ ընդհանրապես, ասել, որ ընտրությունները կարող են լինել լավագույն տարբերակը ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար, ճիշտ չէ. կարծում եմ՝ դա վատագույն տարբերակն է: Այստեղ անգամ լավագույն կամ վատագույն տարբերակի հարցը չէ: Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է: Այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը, այս աստիճան չի կարելի հասարակությանը դնել չհասկացողի տեղ, մի զանգվածի տեղ, որին ինչպես ուզես, կարող ես մոլորեցնել, խաբել, և նա այդ ամենը կհանդուրժի: Դա է ամենից ահավորը: Ինձ հիմա ամենից շատ դա է մտահոգում, որ մեր հասարակությունը դարձել է այս աստիճան խեղճացած, հանդուրժող, անինքնասեր»,նշում է մեր զրուցակիցը:
Խոսվում է այն մասին, որ հոգեբանական առումով նույնպես անթույլատրելի է ընտրությունների անցկացումը, երբ հասարակությունը դեռ ցնցումից չի սթափվել և չի կողմնորոշվում: Իշխանությունները և որոշ խորհրդարանական ուժեր շտապում են, որովհետև գիտեն, որ ժամանակը իրենց դեմ է աշխատում: Մշակութաբանն ընդգծում է.
«Մի կողմից՝ կարելի է ասել՝ բոլորս մեղավոր ենք սխալվելու, խաբվելու համար, բայց մյուս կողմից՝ տարիներ շարունակ այնպիսի ապատեղեկատվություն է մատուցվում, որ այլևս տեղ չի մնում ազատ մտածելու համար: Այս պայմաններում մարդկանց խաբված լինելն էլ կարելի է հասկանալ, թեև հիմա արդեն ես, իհարկե, չեմ հասկանում: Ամեն դեպքում, մարդը պետք է կարողանա արթնանալ, իրեն թափ տալ և ինքնուրույն մտածել ու փաստերի հիման վրա եզրակացություն անել: Իսկ փաստերը բազմիցս ներկայացվել են հասարակությանը զանգվածային լրատվության միջոցներով: Պարզապես յուրաքանչյուրը պետք է ունենա ցանկություն ոչ թե իր երևակայած տրամադրություններով, ատելության կամ սիրո զգացմունքներով առաջնորդվելու, այլ միայն փաստերով: Այն փաստերը, որ պատերազմի հետ կապված յուրաքանչյուրը լսել է, ահա այդ փաստերը պետք է կողք-կողքի դնել և սեփական եզրակացությունն անել: Ուրիշ ոչինչ պետք չէ»,-եզրափակում է Կարինե Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում