Կարող են առաջնորդվել միայն «հրովարտակներով»․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հաշվի առնելով, թե ինչպես են այս իշխանությունները մեկնաբանում իրավական նորմերը, Սահմանադրությունը, օրենքները, ինչպես են վարվում դրանց հետ, իրավաբանական համայնքում կես լուրջ-կես կատակ խոսում են, թե շուտով կարելի է առ ոչինչ համարել Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի «հրովարտակներով»: Թեմայի հետ կապված օրեր առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր. «Եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, իրավաբանությունը մեռնելու է: Աշխարհի վրա չկա ու չի եղել որևէ պետություն, որտեղ իշխանությունը կարող է թքել օրենքների վրա, և այդ պետությունն առաջընթաց ունենա ու չմեռնի:Հայաստանը չի լինելու այդ բացառությունը: Եթե մենք գործ ունենք իշխանության հետ, որն ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ ասում է, ինչպես ուզում՝ մեկնաբանում է, դրա հետևանքը պետության մահն է լինելու»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատում պաշտոն զբաղեցնող պալատական իրավաբանները ցանկացած դեպքում օրենքները, օրենքի նորմերը, Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած դատական ակտերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են մեկնաբանում: «Իրավաբանությունն այսօր ոչ թե վերածվել է փիլիսոփայական գիտության, ինչպես կարծում են շատերը, այլ, կարծես, գոյություն չունի: Այն քաղաքականության կամ քաղաքագիտության ածանցյալ ենթաճյուղ է դարձել. եթե քաղաքականությունը մշտապես մշակվել ու վարվել է իրավունքի գերակայության և մնացած այլ կարևորագույն նորմերի հիման վրա, հիմա այդ ամենը ստվերում է թողնված: Այսօր իրավունքը, օրենքների բարձրագույն արժեք ունենալն ու կարգավորումներն արդեն ածանցյալ են քաղաքականությանը: Այսօր արդեն քաղաքականությունն է որոշում, թե ինչպես պետք է մեկնաբանվի տվյալ նորմը կամ նորմի դրույթը»,- նշում է իրավաբանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում