Ո՞ր ճանապարհն ընտրել՝ համեմատական «ճոխ» թվերի՞, թե՞ լոքդաունի․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին կառավարությունում առաջնային քննարկվող հարցերից է կորոնավիրուսի հերթական ալիքով պայմանավորված՝ վարակակիրների կտրուկ աճի հետ կապված հարցը։ Ինչպես հայտնի է, վերջին մեկ շաբաթում գրանցվում են թե՛ հիվանդացության, թե մահացության բավականին բարձր թվեր: Օրական հայտնաբերված վարակակիրների թիվն անցնում է 1000-ը։ Մեր տեղեկություններով, այս հանգամանքի հետ կապված կառավարությունում մի քանի փակ խորհրդակցություններ են եղել. հիմնականում քննարկվել է այն հարցը, թե որքանով է նպատակահարմար նորից անցում կատարել սահմանափակումների խստացման (ընդհուպ՝ տոտալ լոքդաունի), սակայն տնտեսական բլոկի պատասխանատուները կարծիք են հայտնել, որ նման քայլը պետության համար կունենա անդառնալի հետևանքներ, քանի որ մի շարք ոլորտներ (ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) հազիվ փորձում են վերականգնել իրենց վնասները։
Փաշինյանին զեկուցել են, որ նման քայլը դժգոհության նոր ալիք կբարձրացնի և հերթական հարվածը կհասցնի նրա՝ առանց այն էլ բավական ցածր վարկանիշի վրա։ Մյուս կողմից, համապատասխան պաշտոնյաներն ասել են, որ այս մի քանի ամիսը որոշ ոլորտներ ինչքան էլ աշխատեն, կարևոր է, քանզի իշխանությունները հնարավորություն կունենան վիճակագրական թվերը համադրել անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ տոտալ լոքդաուն էր, իսկ սահմաններն ամբողջովին փակ էին, ու ճոխ ցուցանիշներ մատուցել հանրությանը: Ի դեպ, երեկ արդեն էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ այս տարի զբոսաշրջության ոլորտի աճը 2020-ի համեմատ, երբ փաստացի գրեթե տուրիստ չենք ունեցել, կկազմի... 319 տոկոս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում