«Իսկական պատուհաս են Հայաստանի համար»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը նշում է՝ քաղաքական մեծ փորձառություն պետք չէ հասկանալու համար, որ խորհրդարանական սպասվող ընտրությունները պետք է դառնան մի սոսկալի ողբերգություն մեր ժողովրդի համար:
«Առաջինը՝ հոգեբանական, ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք լինելու, որովհետև ընտրություններ կազմակերպելու է մի քաղաքական ուժ և դրա ղեկավարը, որը դավաճանել է հայրենիքին: Սա իսկական խեղկատակություն է, ֆարս: Նրանք, ովքեր պետք է ուղղակի չքվեն պատմության թատերաբեմից և պատասխան տան, ասես ոչինչ չի եղել, կազմակերպելու են ընտրություններ: Երկրորդ՝ արդեն տեսել ենք նրանց կազմակերպած ընտրություններն Արցախում: Գիտենք, թե ինչ իշխանություն ձևավորվեց, ինչ կազմով և ինչպես իրեն պահեց այդ իշխանությունը պատերազմի օրերին: Եթե մեր երկրում նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորի, կառավարության անդամի պաշտոններում բերեին օտարազգի ղեկավարների, նրանք գուցե հազար անգամ ավելի հոգատար լինեին Հայաստանի նկատմամբ, քան նրանք, ովքեր հայկական ազգանուններ են կրում, բայց օտար գործակալական ցանցի անդամներ են:Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է: Եթե ընտրություններ տեղի ունենան, հիմա արդեն կարող ենք ասել, թե ինչպիսին են լինելու դրանք: Երրորդ՝ ոչ ոք թող չմտածի, որ այսօր իշխանական լծակներ ունեցող քաղաքական ուժը համակիրներ չունի: Երբեմն կարդում եմ փորձառու մարդկանց կարծիքներ և զարմանում, թե քաղաքական գիտելիքն ինչ աստիճանի է լքել Հայաստանը, որ ոմանք ասում են՝ իրենք հավատում են, թե Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ոչ մի ձայն չի հավաքելու:
Դա սխալ կարծիք է, հավաքելու է: Նույնիսկ Հիտլերը 1945 թ.-ին, երբ ամբողջ երկիրն ավերակ էր դարձրել, ուներ մեծ թվով համակիրներ և, եթե ընտրություններ կազմակերպեր, մեծ թվով ձայներ էր հավաքելու: Խոսքը ձայների քանակի մասին չէ, խոսքն օբյեկտիվ իրականության մասին է՝ ի՞նչ կարող է տալ այդ մտածողությունը հայրենիքին: Մեր ընդդիմադիր ուժերը, որ ջոկ-ջոկ գործել գիտեն և աշխատանքի անարդյունավետությունը դրանով էլ պայմանավորված է, պետք է միավորվեն և կարողանան մեր հայրենիքը փրկել այս պատուհասից: Իսկ որ ներկայումս իշխող քաղաքական ուժն իսկական պատուհաս է և թշնամի Հայաստանին, ակնհայտ է:Բացի սա, ընտրությունների ընթացքում լինելու են սոսկալի բախումներ: Եթե այսօր մեդիա դաշտում տեսնում ենք, թե ինչ հարձակումներ են միմյանց դեմ տեղի ունենում, ապա ընտրատեղամասերում պարզապես իրար վրա են հարձակվելու և հնարավոր են նույնիսկ զինված բախումներ: Ում համար թանկ է Հայաստանի ճակատագիրը, նա ամեն ինչ պետք է անի թույլ չտալու համար, որ տեղի ունենա այդ օրհասը, պատուհասը՝ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը՝ ընդգծելով, որ ժամանակավոր կառավարության ստեղծումը միակ ելքն է այս իրավիճակից: Զրույցի վերջում անդրադառնում ենք նաև նորաստեղծ «Հայ մտավորականների խորհրդին» և դրա գործունեության անհրաժեշտությանն այս օրերին:
Գրականագետը նշում է՝ նորովի են կազմակերպել իրենց խորհրդի աշխատանքները: «Մեր մտավորականները երբեք այս ոճով չեն աշխատել: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված է կոնկրետ խնդրի՝ մշակույթ, քաղաքականություն, տնտեսություն և այլն: Ամեն անգամ հրավիրում ենք ոլորտի մասնագետներին և յուրաքանչյուր հանդիպման ավարտին ընդունում ենք հայտարարություն՝ կոնկրետ այդ իրողությունների մասին:Այս աշխատանքը հնարավորութուն կտա, որ մեր մտավորականներն անդրադառնան այն խնդիրներին, որոնք լուծված չեն: Առ այսօր մեր ժողովուրդը չգիտի, թե ով է պետական պաշտոնյան: Ահա թե ինչու պետական պաշտոններում հայտնվեցին պարզապես հայրենիքի դավաճաններ: Պետական պաշտոնյան այն անձնուրաց մարդն է, որ չպետք է աշխատի սոսկ փողի համար, նրա համար առաջին տեղում չպետք է լինեն աշխատավարձն ու պարգևավճարը, որն այսօր, ուղղակի կտրելով բանակից, շպրտում են անգործ, անխելք ու անուղեղ մարդկանց: Կոճակ սեղմողներին պարգևավճար տալն ուղղակի հանցագործություն ենք համարում: Այս բոլոր խնդիրներին մտավորականը պետք է պատասխան տա:Իմ հասարակական, մշակութային երկարատև գործունեության ընթացքում չեմ հանդիպել ավելի ազնիվ մարդկանց, քան եղել է ու այսօր կա հայ մտավորականը: Որքան էլ խոսվի մտավորականության նվազ դերի մասին, պետք է ասել՝ մտավորականին չեն տվել հնարավորություն անգամ տեսակետ արտահայտելու: Նրան միշտ քշել են հեռու, որովհետև վախեցել են ճշմարիտ խոսքից: Ասպարեզ տվեք հայ մտավորականին և կտեսնեք մեկ տարում լուծված խնդիրներ, որոնց շուրջ երեսուն տարի անիմաստ բանավիճում են»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում