Ավստրիայում «Սպուտնիկ V»-ն կարող է առաջիկա 100 օրում պատվաստման արագությունը մեծացնել. Կուրց
International newsԱվստրիան պատրաստվում է առաջիկա 100 օրում յուրաքանչյուր ցանկացողի պատվաստել կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով, եւ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցի օգտագործումը կարող է այդ գործընթացն արագացնել: Այս մասին այսօր հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ դեղագործական շատ կոնցեռններ մատակարարում են միայն 50 տոկոսը (պատվաստանյութերի) այն ծավալի, ինչի մասին պայմանավորվել էր ԵՄ-ն, հաջորդ 100 օրերին մենք հնարավորություն կունենանք առնվազն առաջին պատվաստումն առաջարկելու յուրաքանչյուրին, ով կցանկանա պատվաստվել: Եթե մենք կիրառենք «Սպուտնիկ V»-ն, կկարողանանք դա անգամ արագացնել»,- ասել է Կուրցը Զատկի տոների առիթով տեսաուղերձում:
Ավստրիան մտադիր է ապրիլին պատվաստել 65-ն անց բնակչությանը, մայիսին՝ 50-ն անց բնակիչներին, հունիսին՝ մնացած տարիքային խմբերին, որ ամռանը հնարավոր լինի վերադառնալ բնականոն կյանքին: «Մենք հուսով ենք, որ ավագ սերնդի պատվաստման միջոցով մայիսին կկարողանանք հասնել շրջադարձային պահի, որի դեպքում հիվանդանոցներում լարվածությունը կնվազի, եւ մենք կկարողանանք սահմանափակումները վերացնելու միջոցառումներ ընդունել, որին բոլորս ենք սպասում»,- հավելել է Կուրցը:
Մարտի 31-ին Կուրցը ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկու հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Մոսկվան եւ Վիեննան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ գործարքից առաջ եզրափակիչ փուլում են, եւ Ավստրիան արդեն հաջորդ շաբաթ կարող է այդ դեղամիջոցը պատվիրել: Կանցլերը նաեւ նշել էր, որ իր երկրի կառավարությունը բժիշկների հետ քննարկում է ռուսական պատվաստանյութի ազգային գրանցման հնարավորության հարցը: