«Երկիրը տապալած ղեկավարի կողմից իրականացված փոփոխությունը չի կարող դրական տեղաշարժ ապահովել»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Այս ժամանակաշրջանում արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու և դրանց հնարավոր անցկացման նպատակը պատասխանատվությունից խուսափելն ու այդ պատասխանատվությունը ևս մեկ անգամ ժողովրդի ուսերին թողնելն է: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը:
«Նախկինում ընտրական գործընթացով իշխանության եկած Փաշինյանին ընտրող քաղաքացիներն այսօր իր դեմ են դուրս եկել՝ հաշվի առնելով նրան ու իր վարչակազմին այլևս չվստահելու հանգամանքը, ինչպես նաև թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմական շրջանում իշխանության անգործության մատնվելու պատճառը: Այս ընտրությունների իրականացումը, ըստ իր կարճ խելքի, ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորություն է տալու: Այդուհանդերձ, եթե մեր ժողովուրդն իրավագիտակից լինի, թույլ չի տա, որ ազգի դավաճանի պիտակը կրող անձը ևս մեկ անգամ ղեկավարի մեր երկիրն ու զարգացնի հակահայկական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, սա ոչ միայն զուտ քաղաքական գործընթաց է, այլև բարոյահոգեբանական մթնոլորտի շիկացում է ենթադրում:Այսօր Փաշինյանին մոլեռանդ պաշտպանող մարդիկ կան: Մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչներն ու մեր բազմաթիվ քաղաքացիներ դեմ են այսօրվա վարչակարգին և ցանկանում են օր առաջ փոփոխել առկա քաղաքական մթնոլորտը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունների դեպքում, հաշվի առնելով կառավարչական ռեսուրսներն ու լծակները, ճնշումների արդյունքում վերընտրվելու հանգամանքը չի բացառվում:
«Մեծ հաշվով, ընտրությունները պետք է դիտարկենք երկու հարթությամբ՝ առանց Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Կարծում եմ՝ քաղաքական աղբից մեր երկիրը մաքրելու լավագույն տարբերակն առանց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ընտրական գործընթացներն են: Միայն իր ու իր թիմի չմասնակցելու դեպքում է հնարավոր դա, որովհետև եթե իրենք իրենց վարած քաղաքականությամբ երկրորդ անգամ ընտրվեն, նորից քաղաքական ճգնաժամ ու այդ քաղաքական ճգնաժամի խորացում ենք ունենալու: Միևնույն ժամանակ, ամեն դեպքում, վստահություն չկա, որ ընտրական գործընթացներ կլինեն. դեռ հստակ որոշված չէ, ըստ այդմ՝ չենք կարող ասել, որ որևէ կայուն քաղաքականություն կամ իրական փոփոխություն կլինի մեր երկրում, եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան»»,-ասաց նա:
Յուրաքանչյուր գործընթաց, ըստ Ս. Սերոբյանի, իր փուլային դրսևորումներն ունի: «Գոյություն ունեն, օրինակ՝ սկզբնամաս, պիկ ու ստաբիլ փուլեր: Դրանցից անմասն չեն նաև ճգնաժամերը: Այս իմաստով այս պահին ճգնաժամը մեր երկրում ստաբիլ վիճակում է. մենք առաջ ենք շարժվում ստաբիլ ճգնաժամով՝ հաշվի առնելով ոչ միայն քաղաքական, այլև թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ բարոյահոգեբանական դաշտերը: Մենք ստաբիլ ճգնաժամի առաջ ենք կանգնել հատկապես հետպատերազմական շրջանում: Ճգնաժամի փոփոխության համար մենք կա՛մ ընտրություններ ենք անցկացնում, կա՛մ ոչ, կա՛մ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, կա՛մ չի մասնակցում, կամ էլ երրորդ ուժ է ձևավորվում՝ իր ուսերի վրա վերցնելով քաղաքական համակարգում կոնսոլիդացիա մտցնելու ու կոնսենսուսի ամբողջ ծանր բեռը: Եթե այս քաղաքական ճգնաժամի ստաբիլությունը պահպանվի այնպես, ինչպես հիմա է, և եթե մինչև հունիսի 20-ը քաղաքական գործընթացներ կամ քաղաքական վայրիվերումներ և փոփոխություններ չլինեն, ապա այդ ճգնաժամը ավելի կխորանա»,-նշեց փորձագետը:
Անդրադառնալով այս շրջանում իշխանությունների կողմից առաջարկվող ու ընդունվող փոփոխություններին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում, Սիրանուշ Սերոբյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի միակ քաղաքական շահը վերարտադրումն է ու ընտրություններում հաղթելը: Նպատակն այն է, որ իր քաղաքական թիմը ևս մեկ անգամ ներկայացված լինի Ազգային ժողովում, պետական կառավարման համակարգում, ՏԻՄ մարմիններում և այլն: Յուրաքանչյուր քաղաքական առողջ ուժի համար պետք է ստեղծվեն հավասար ու արդար պայմաններ, որպեսզի ընտրական գործընթացների դրսևորման յուրաքանչյուր փուլում պահպանվեն օրինականության, իրավականության սկզբունքները, ինչպես նաև քվեարկության փակ, գաղտնի լինելու սկզբունքը: Այս փոփոխությունները, որոնք իրականացվում են, այնուամենայնիվ, քողարկված ենթատեքստեր ունեն: Կարճ ասած՝ երկիրը տապալած ղեկավարի կողմից իրականացված փոփոխությունը չի կարող դրական տեղաշարժ ապահովել»: Խոսելով ընտրական մեխանիզմների մասին՝ նա հավելեց. «Ինչքան էլ պարզեցվի ու հստակեցվի գործընթացը, միևնույնն է, այն նույն վարչակարգն է լինելու ընտրատեղամասերում, որն այսօր ենթարկվում է Ն. Փաշինյանին: Այս պարագայում կեղծիքներից խուսափելն անհնար է: Այսօր և՛ ոստիկանական համակարգը, և՛ պետական ապարատի մի մասը ենթարկվում են նրան»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում