«Ամեն ինչ մեր ձեռքերում է, թե ինչպես ճիշտ կդիրքավորվենք և կձևավորենք մեր բրենդ-ինքնությունը». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանն ընթերցողների դատին է ներկայացնում իր հեղինակային՝ «Բրենդի կառավարում» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա այսօր: Այն առաջին հայալեզու մասնագիտական գիրքն է բրենդինգի ոլորտում: Նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների, ինչպես նաև բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար: Լիլիթ Շաքարյանից հետաքրքրվում ենք՝ ե՞րբ առաջացավ գաղափարը բրենդինգի ոլորտում հայալեզու գիրք ներկայացնելու:
«Սովորել եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում: Ուսումս ավարտելուց հետո որպես դասախոս աշխատանքի անցա մայր բուհում: Դեռևս 2008 թ.-ից բուռն էին խոսակցությունները ֆակուլտետում նոր մասնագիտացում ունենալու մասին, որը կվերաբերեր հասարակայնության հետ կապերին: Ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ որոշեցին առաջարկել իրենց առարկայական ծրագրերը, որպեսզի հետո արդեն ամբողջն ի մի բերելով ստեղծվի մագիստրոսական նոր ծրագիրը: Այդ ժամանակվանից արդեն բրենդինգն իմ տարերքն էր, որտեղ իմ գործունեությունը շատ լավ պատկերացնում էի: Մշակեցի առարկայական առաջին ծրագիրը՝ «Բրենդինգի հիմունքներ», որը հաստատվեց և ներդրվեց ԵՊՀ ուսումնական ծրագրում: 2009 թ.-ից առ այսօր դասավանդում եմ այդ առարկան:
Այդ ընթացքում մասնակցել եմ տարբեր ծրագրերի Բուդապեշտում, Շվեյցարիայում, որոնց միջոցով զարգացրել եմ առարկայական ծրագիրս: Ողջ ընթացքում գիտակցել եմ, որ ունենք հայալեզու գրականության բաց, ուսանողները ևս սրա մասին բարձրաձայնում էին, նշում, որ սա խոչընդոտ է իրենց ուսումնառության ընթացքում: Լինելով այս ոլորտի մեջ՝ գիտակցում ես, որ պետք է ստեղծես մասնագիտական գրականություն: Բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ եմ կատարել, մագիստրոսական աշխատանքներ ղեկավարել և, արդյունքում, գաղափարը հասունացել է և դարձել ուսումնական ձեռնարկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը, որը «Բրենդինգի հիմունքներ», «ԶԼՄ սոցիոլոգիա», «Ժամանակակից PR տեխնոլոգիաներ» դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։
Նշում է՝ որոշ ժամանակ անց լույս կտեսնի «Բրենդի կառավարում» գրքի երկրորդ հատորը: «Այն կլինի ավելի ծավալուն և ընդգրկուն, կլինի ամբողջական և պրակտիկ վերլուծություն՝ կապված Հայաստանի բրենդավորման հետ: Առաջին գրքի մեջ յուրաքանչյուր տեսական դրույթ բացատրվում է կոնկրետ օրինակով, տրված են նաև օրինակներ հայկական իրականությունից, կան մասնավոր օրինակներ և դրույթներ, իսկ երկրորդ գրքում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության բրենդավորման գործընթացը: Երկրի բրենդինգը կարևոր դեր է խաղում այն իմաստով, թե Հայաստանը համաշխարհային ասպարեզում որ տեղում կլինի և ինչ վերաբերմունք կձևավորվի նրա նկատմամբ: Ամեն ինչ մեր ձեռքերում է, թե ինչպես ճիշտ կդիրքավորվենք և կձևավորենք մեր բրենդինքնությունը»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ առաջին գրքում կան լուծումներ, տեխնոլոգիաներ, ռազմավարություններ, թե ինչպես ստեղծել հաջողակ բրենդ, ինչ չափանիշներով առաջնորդվել՝ սկսած ռազմավարության ընտրությունից վերջացրած բրենդի կառավարումով: «Թերություններին ու բացերին կանդրադառնամ գրքի երկրորդ գլխում, երբ խոսեմ նաև Հայաստանի բրենդավորման մասին»,-հավելում է Լիլիթ Շաքարյանը, ով գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի Լիլիթ Շաքարյանն իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։ Իր ուրույն ներդրումն ունի հայրենական մի շարք առաջատար արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդիմիջի ձևավորման գործընթացում: Հիշեցնում է՝ բրենդի ստեղծումը մի ամբողջ արվեստ է:
«Բրենդի ստեղծումն արվեստ է, ամբողջը ստեղծագործական գործընթաց է, որը պետք է լինի ճիշտ կանոնների շրջանակում՝ սկսած անվան ընտրությունից, գունային լուծումներից, ճիշտ ռազմավարության ընտրությունից և այլն: Ամեն մի մանրուք նշանակություն ունի: Ի վերջո, բրենդինգը ձևավորվում է երկարատև գործընթացի արդյունքում: Սխալ բրենդավորումը լավագույն արտադրանքը կարող է ձախողման մատնել շուկայում, և հակառակը՝ ճիշտ բրենդավորումը կարող է նշանակալի որակներ ունեցող ապրանքը, ծառայությունը կամ ընկերությունը շուկայում դարձնել շատ ավելի հաջողակ, ցանկալի և մրցունակ: Բրենդը սահմանում եմ հետևյալ կերպ՝ այն ընկերության տարբերակման կոդն է: Ի դեպ, գրքի վրա պատկերված է ԴՆԹ շղթան, ինչը պատահական չէ արված: Բրենդը պետք է համահունչ լինի ԴՆԹ շղթային՝ նույնքան բացառիկ ու չկրկնվող, որքան ԴՆԹ շղթան է մարդու օրգանիզմի համար»,-եզրափակում է Լիլիթ Շաքարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում