«Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ցանկացած պատերազմում պատասխանատվությունը կրում է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Եթե հաղթանակ է լինում, դափնիներն առաջին հերթին, բնականաբար, ընկնում են քաղաքական, իսկ հետո նոր զինվորական ղեկավարութան վրա: Պարտության դեպքում, բնականաբար, առաջին հերթին փորձ է արվում թիրախավորել ռազմական ղեկավարությանը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Իսկ ինչո՞ւ է մեզ մոտ դա արվում պատերազմից հինգ ամիս անց, երբ Ազգային ժողովում անգամ համապատասխան քննիչ հանձնաժողով չի ստեղծվել: Ինչո՞ւ հիմա այն չի ստեղծվում, ու ինչո՞ւ են հիմա բանակը թիրախավորում: Նպատակը շատ պարզ է. սա իշխանությունների կողմից իրականացվող նախընտրական գործընթաց է, որը հանրայնացնող առաջին մունետիկը եղավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ ուղղակիորեն ասելով, թե բանակ գոյություն չի ունեցել, ՄՈԲ-ը ձախողվել է, գեներալներն են մեղավոր, մարդիկ չեն կռվել և այլն: Լավ կլիներ՝ Սամվել Բաբայանը հիշեր, որ թե՛ վարչապետի պարտականությունները կատարող անձի, թե՛ ներկայիս պաշտպանության նախարարի, թե՛ ԱԽ քարտուղարի, թե՛ ԱՀ նախագահի մակարդակով հրապարակավ ասվել է, որ մենք առավել քան պաշտպանված ենք, և մեր թշնամու ցանկացած ոտնձգություն կստանա արժանի հակահարված: Կա՛մ չի իմացել այս հայտարարությունների մասին, կա՛մ հիշողության հետ որոշակի խնդիրներ ունի, կա՛մ էլ փորձում է մանիպուլացնել մարդկանց»:
Հայկ Նահապետյանը շեշտեց՝ հետագայում անաչառ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կպարզվի ԶՈւ-երի հրամկազմի պատասխանատվության չափը: «Մեղավորության չափն էլ դատարանի որոշելիքն է: Բայց հիմա միայն զինվորականներին քավության նոխազ դարձնելն առնվազն անբարոյականություն է, որը թեպետ սովորական շարքային, քրիստոնյա և ավանդապաշտ քաղաքացիների համար անընդունելի է, բայց սույն իշխանությունների և իրենց գործիքակազմում ու աշխատաոճում անբարոյականությունը որպես նորմ ընդունածների համար օրինաչափ է: Այս մարդկանց մոտ բարոյականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ես կարող եմ մի քանի փաստարկ բերել, որոնք վկայում են քաղաքական իշխանության պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին, իսկ մեղավորությունը թող դատարանը որոշի:
2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ՀՀ ԱԽ է փոխանցվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020 թ. սեպտեմբերի 16-17-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանը, որտեղ ՌԴ գործընկերները մեր երկրի օրվա իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում: Ավելին, այդ սցենարը գրված է եղել այդ զորավարժության մեջ, ինչը գրեթե ճշգրտությամբ կյանքի կոչվեց: Իսկ ՀՀ իշխանությունները որևէ ձևով լուրջ չվերաբերվեցին կամ կանխամտածված անտեսեցին այդ ամենը, որովհետև դրանից հետո նրանք մեր ռազմական ու ռազմավարական դաշնակից պետությանը պետք է խնդրեին նվազագույնը կանխարգելելու սպասվելիք պատերազմը, առավելագույնը՝ օգնելու, որ այդ պատերազմում չպարտվեինք: Որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց, մի քանի, իբրև թե, բացատրություն տվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն իրականության հետ աղերս ունի այնքանով, որքանով այս պահին միմյանց հետ աղերս ունեն երկինքն ու երկիրը:
Հաջորդ փաստարկը, ըստ որի, իշխանությունները կարող էին հակառակորդին ստիպել կանգնեցնել պատերազմը մինչև հոկտեմբերի 1819-ը՝ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ն. Փաշինյանին արված առաջարկը, հետևյալն է. երբ 2019 թ. ներկայիս պաշտպանության նախարարը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հայտարարել էր, որ մենք կարող ենք Ադրբեջանի տնտեսությանը կործանիչ հարված հասցնել: Ամենայն հավանականությամբ, խոսքը նավթամուղի, ջրամբարների, ինչպես նաև Բաքվի մասին էր՝ որպես նավթի մեծ տակառ: Ինչո՞ւ չեղավ այդ հարվածը, որի մասին հայտարարել էր այսօր բարձր պաշտոն զբաղեցնող անձը: Հաջորդը. երբ հակառակորդը պատերազմ է սկսում, վստահաբար պետք է իմանա, որ հաղթանակի հավանականությունը 100 տոկոս է: Եվ իրենց այդ համոզմունքը հիմնվում էր օդում իրենց բացարձակ գերիշխանության վրա, մասնավորապես, ԱԹՍ-ների դեմ ՀՀ զինանոցում համարժեք զինատեսակների բացակայությամբ:Ընդ որում, նախորդ իշխանությունները պլանավորել էին այդ զինատեսակները գնել 2018 թ.-ին»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խոսքը ռուսական այն զինատեսակների մասին է, որոնք էֆեկիվ կերպով չեզոքացրել են վերոնշյալ սպառնալիքը Սիրիայում և Լիբիայում:
«Ինչո՞ւ քաղաքական որոշմամբ չեղյալ հայտարարվեց ՌԴ-ից վերցնելիք 100 մլն վարկը՝ նախատեսված այդ զինատեսակները ձեռք բերելու համար: Փոխարենը պետբյուջեից ավելի քան 100 մլն դոլար ծախսվեց ինքնաթիռների գնման համար, որոնք պատերազմի ժամանակ աչքի ընկան 0 արդյունավետությամբ: Հիշենք նաև երկնքի պաշտպանված լինելու մասին ԱՀ նախագահի կենացային մակարդակով արված հայտարարությունը: Սրանք կարևորագույն դրվագներ են: Խոսքը քաղաքական իշխանության լրջագույն հայտարարությունների մասին է, որոնք իրականությանը, ցավոք, չէին համապատասխանում, ու մենք ունեցանք պարտություն: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն իր վրայից մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ է տանում: Նման մարդիկ բոլոր սխալների, կատարած ապօրինությունների համար բոլորին մեղադրում են՝ բացի իրենցից, իսկ այս դեպքում առաջին պատասխանատուն ու մեղավորն ինքն է»,-ասաց ռազմական փորձագետը:
Հայկ Նահապետյանը շեշտեց գեներալների, զինվորականների կողմից ակնկալվող կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, այդ արձագանքը պետք է լիներ ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հենց պատերազմի ընթացքում. «Երբ քաղաքական անձինք ռազմական գործողությունների հետ կապված որոշումներ էին կայացնում, այդ թվում՝ ոչ ի պաշտոնե, այդ որոշումների կայացման ժամանակ գեներալները շատ ավելի կոշտ պետք է լինեին այդ անձանց միջամտությունը կանխելու համար: Սա չի եղել, և այս իմաստով զինվորականները պատասխանատվություն են կրում»:
Անդրադառնալով փաստացի նախընտրական պայքարի շրջանակներում բանակին առնչվող հայտարարություններին՝ Հ. Նահապետյանը նախ շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում: Հիմնավորեմ ասածս: Իշխանության գալու առաջին իսկ փուլից փակվեցին մի քանի կարևոր նախարարություններ: Պատերազմի մեջ գտնվող երկիրը գյուղնախարարություն չունի, սփյուռքի նախարարություն չունի այն դեպքում, երբ այդ նախարարությունն էր համակարգում սփյուռքի ամբողջ ներուժի ներգրավումը մեր երկրի տարբեր խնդիրների լուծման համար: Հիշեցնեմ նաև գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի փակման մասին: Բացի այդ, մինչև պատերազմը նման տարբեր լրջագույն պաշտոններում օգտագործված թաշկինակի մի քանի անգամ փոփոխություններ եղան: Մի քանի անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետեր, ինչպես նաև ԱԱԾ տնօրեններ փոխվեցին: Այս բոլոր փոփոխություններն իրականում մեր պարտության նախապատրաստումն էին: Մեր միակ ինստիտուտը, որը քիչ թե շատ մրցունակ էր, բանակն էր:
Պարտությունից հետո թեպետ այդ մրցունակությունը նվազեց, բայց մենք, այնուամենայնիվ, այսօր բանակ ունենք: Ժամկետային ծառայության ժամկետի կրճատման մասին Ն. Փաշինյանի հայտարարությունն իր մեջ միգուցե նախընտրական որոշակի շոուի նպատակ է հետապնդում, բայց այն շատ վտանգավոր բաղադրիչ ունի: Պատերազմող երկրներում ծառայության ժամկետները ոչ թե կրճատում, այլ ավելացնում են: Երբ երկիրդ վտանգված է, և հավանականություն կա, որ հակառակորդը կարող է ռազմական ուժի կիրառմամբ առավելության հասնել, ծառայության ժամկետները չեն կրճատվում: Մեծ հաշվով, մնացած միակ ինստիտուտը ևս ոչնչացնելու ու փակելու նպատակ կա, որովհետև Փաշինյանին իշխանության բերած ուժերը Հայոց պետականության ոչնչացման խնդիր ունեն: Այդ համատեքստում ևս մեր պետական ինստիտուտներն առաջին խանգարող գործոնն են: Իսկ ավելի հստակ՝ Նիոկը Փաշինյանը հայոց պետականության երրորդ հանրապետության լիկվիդացիոն գործընթացի վարչապետի պարտականությունները կատարող անձն է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում