Մաֆիայի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում 96 մարդ է ձերբակալվել
International newsԵրկուշաբթի լուսադեմին գրեթե 100 մարդ է ձերբակալվել է Իտալիայի հարավային Ապուլիա շրջանի վարչական կենտրոնում՝Բարի քաղաքում, իրավապահ մարմինների կողմից կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնածավալ օպերացիայի ընթացքում, հայտնում են կարաբիներների ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերացիան իրականացվել է ոստիկանության եւ կարաբինիերների հատուկ նշանակության ջոկատների համատեղ ջանքերով՝ մաֆիայի դեմ պայքաի տեղական վարչության համակարգմամբ: Իրավապահ մարմինների աշխատակիցների հիմնական հարվածն ուղղված էր «Ստրիշուլյո» մաֆիայի հզոր կլանին, որը վերահսկում է գրեթե ամբողջ հանցավոր գործունեությունը Բարի քաղաքում եւ համանուն նահանգում:
Բանտարկվել է 96 մարդ, եւս երեքը տնային կալանքի տակ են: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել մաֆիայի գործունեության մեջ ներգրավվածության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, շորթման, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ապօրինի զենք պահելու եւ կրելու եւ այլ հանցագործությունների համար: Այս գործով անցնում է ընդհանուր 147 մարդ:
Իրականացված ձերբակալությունները երկարատեւ հետաքննության արդյունք են, որի շրջանակներում մանրամասնորեն պարզվել եւ փաստագրվել է գանգստերների հանցավոր հիերարխիան եւ գործողության մեթոդները՝ 2015 թվականից մինչ օրս: Հատկանշական է, որ այս գործով ներգրավված մաֆիոզներից ոմանք կալանքի օրդեր են ստացել բանտում, որտեղ նրանք արդեն պատիժ են կրում այլ հանցագործությունների համար: