Հայաստանում և արտերկրում զինհաշմանդամների բժշկական ծախսերը պետք է հոգա պետությունը․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ամենատարբեր ոլորտների իրավական կարգավորումներին՝ վստահ լինելով, որ միայն իրազեկ քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում, ընդառաջելով նաև մեր ընթերցողների խնդրանքին, անդրադարձել ենք զինհաշմանդամների իրավունքներին:
Չիլինգարյանը նշում է՝ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն սահմանափակման որևէ մեկի կողմից: Պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողների իրավունքների պաշտպանության համար և զինծառայողների սոցիալական ու իրավական պաշտպանության գլխավոր երաշխավորն է: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վնասվածք ստացած անձինք, որոնք ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ, հիմնականում՝ վերին և ստորին վերջույթների ամպուտացիա կամ օրգանիզմի կառուցվածքային անդառնալի այլ խախտումներ, ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներ, արդեն իսկ ենթարկվում են բժշկասոցիալական փորձաքննության։ Ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում վնասվածք ստացած զինապարտների և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, պահեստազորում հաշվառված քաղաքացիների, կամավորականների, քաղաքացիական անձանց թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան: Հստակ է մեկ բան՝ պատերազմի այն մասնակիցները, որոնք վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար պետք է իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում, որի ծախսը պետք է հոգա պետությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Ընդգծում է՝ զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրված է տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա: Բացի դա, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք ենթակա են պատասխանատվության, եթե մեղավոր են զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում: Իրավաբանը տեղեկացնում է՝ քաղաքացիական և զինվորական, այդ թվում՝ Արցախի քաղաքացիների դեպքում, անձանց հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննությունները) իրականացվում են կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված կարգով։ «Կարգի 9-րդ կետի համաձայն՝ անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում հիվանդության, վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ, նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Բացառություն են կազմում առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած՝ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, այդ թվում նաև անդամահատումների դեպքերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փաստում է, որ ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձն առձեռն, փոստային, էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հեռախոսազանգով դիմում է իր բնակության կամ փաստացի վայրը սպասարկող ԲՍՓ բաժին: Դիմումի հետ ներկայացնում է առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը»,-նշում է մեր զրուցակիցը:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները բժշկական օգնությամբ ապահովվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով: «Այդ օրենքի 33րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման, ծագած հիվանդության՝ ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է արտերկրում: Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: Արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս, առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը, խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:
Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում»,-ասում է իրավաբանը՝ հավելելով, որ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Բացի դա, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների մահվան դեպքում նրանց ընտանիքի անդամներին վճարվում է թաղման նպաստ` 200000 դրամի չափով»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում