«Քաղաքակիրթ աշխարհում այդպիսի հանրային հայտարարությունները ենթարկվում են քրեական պատասխանատվության». Նիկիտա Շանգին․ «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
iarex.ru-ն «Անդրկովկասի ալբանական ժառանգությունը. ո՞վ է գոռում՝ բռնիր գողին» վերնագրով հոդվածում գրում է, որ ավելի քան 30 տարի ադրբեջանական քարոզչությունից հորդում է Հայաստանի ժողովրդի դեմոնացման պղտոր հոսք, սուտ ու զրպարտանք նրա պատմության և մշակույթի մասին, և կարելի էր արդեն այդ ամենին ընտելանալ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեի հրապարակային հայտարարությունները, որոնք նա արել է «Trend Life»ին տված հարցազրույցում, նույնիսկ այդ ֆոնին են արտառոց: Իմ մեջ (հոդվածի հեղինակը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ, ճարտարապետ Նիկիտա Շանգինն է-խմբ.) հայկական արյուն չկա, բայց զուտ մարդկային առումով, և քանի որ այդ պարոնը պատկանում է ինձ հետ նույն մասնագիտական համայնքին, կարծում եմ, որ նրա ելույթը չպետք է անպատասխան մնա:
Նախ և առաջ՝ ներկայացնենք պարոն Գասիմզադեի մտքի գոհարներից հատվածներ. «վանդալիզմը հայերի էությունն է…», «հայերը ոչ թե ազգ են, այլ աղքատ խառնամբոխ», «…հայերը երբեք չեն ունեցել մշտական բնակության վայր, մշակույթ և արվեստ, նրանք թափառել են տեղից տեղ՝ միշտ յուրացնելով ուրիշի մշակույթը, մեզանից գողացել են երաժշտությունը, խոհանոցը, արհեստը, ճարտարապետությունը ...», «...հայերը մեր հողերում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի կեսերից, և, ցավոք, նրանք չեն գնահատել ադրբեջանական ժողովրդի հարևանությամբ ապրելու երջանկությունը...»: Այս ամենը զգացումներ արթնացնո՞ւմ են: Արթնացնում են... Սակայն ձեռնպահ մնանք այս հայտարարությունների էթիկական գնահատումից և կենտրոնանանք Ադրբեջանի ճարտարապետների միության ներկայիս նախագահի խոսքի պատմական և ճարտարապետական կողմի վրա:
Այսպիսով, մեզ հայտնի Հայաստանի մասին առաջին հիշատակումն առկա է Իրանի Էկբատանա քաղաքի մոտակայքում գտնվող ժայռափոր Բեհիսթունի արձանագրության մեջ, որը վերաբերում է մ.թ.ա. 523-521 թվականներին: Հայաստանը բազմիցս հիշատակվում է Պարսից արքա Դարեհ I- ի (մ.թ.ա. 522-486) սեպագրերում, Հերոդոտոսի և Քսենոֆոնի գրվածքներում (մ.թ.ա. 5-րդ դար): Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Տակիտոսը և շատ այլ հնագույն հեղինակներ ևս գրել են նրա մասին: Համեմատության համար նշենք, որ ժամանակակից ադրբեջանցիների նախնիների` թուրքերի մասին առաջին հիշատակումը մեր թվարկության 542 թվականի չինական աղբյուրներում է: Ինչպես տեսնում եք, պատմական հեռավորությունը ավելի քան 1000 տարի է: Բայց հարցը դա չէ: Այդ դարաշրջանի թուրքերը եղել են Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածքում ապրող ու Անդրկովկասի տարածքի հետ ոչ մի առնչություն չունեցող քոչվոր ժողովուրդներ, իսկ արդեն ամենավաղ աղբյուրներում հայերի մասին խոսվում է որպես զարգացած սոցիալական կապերով և նյութական բարձր մշակույթով նստակյաց ժողովուրդ:
Ինչպես ասում է ասացվածքը, «ո՞վ է գոռում՝ բռնի գողին»: Ինչ վերաբերում է ադրբեջանական մշակույթին, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում 18-րդ դարից վաղ ստեղծված իսլամական ճարտարապետության հուշարձաններ պարզապես չկան, և եղածն էլ, համեմատած հայկական քրիստոնեական հուշարձանների հետ, առանձնահատուկ արժեք չեն ներկայացնում: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է «ադրբեջանական մշակույթը»: Եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին, դա միջնադարի բանաստեղծների և գիտնականների տասնյակ անուններ են, որոնց կեսին անհնար է գտնել որևէ համաշխարհային հանրագիտարանում, իսկ մյուս կեսն էլ իրականում իրանական մեծ մշակույթի գործիչներ են: Դե, իրականում, եթե արդի ադրբեջաներենը ձևավորվել է միայն 19-րդ դարի կեսերին, ապա ի՞նչ ադրբեջանական միջնադարյան պոեզիայի մասին կարող է խոսք լինել:
Եվ վերջապես, «ալբանական» տաճարների ու դրանց «հայացման» մասին: Դա հեքիաթ է: Թվում է, թե Ադրբեջանում ժամանակակից զանգվածային գիտակցության համար այս «ալբանական» լեգենդը խաղում է նույն դերը, ինչպես հնագույն մարդկանց այն համոզմունքը, որ Երկիրը հարթ է: Կովկասյան Ալբանիան եղել է բազմազգ պետություն, որը գոյություն է ունեցել ստորին Քուռի ձախ ափին մեր թվարկության առաջին դարերում: Քրիստոնեությունը Կովկասյան Ալբանիա է մտել Հայաստանից 315 թվականին: Արդեն 428 թվականից Կովկասյան Ալբանիան, որպես ինքնիշխան պետություն, անհետացել է քաղաքական քարտեզից, և նրա ժողովուրդները մի քանի դարում լուծվել են հարևան ուժեղ ժողովուրդների մեջ: Այսպիսով, ներկայումս Կովկասյան Ալբանիայի առանձին հուշարձաններ պահպանվում են այնտեղ, որտեղ եղել է այդ երկիրը, այսինքն՝ Քուռից հյուսիս: Իսկ սկսած 12-րդ դարից, երբ ծաղկում է ապրել հայկական եկեղեցաշինությունը, Կովկասյան Ալբանիայի որևէ ճարտարապետական կառույց չի ստեղծվել: Այնպես որ, Ղարաբաղի տաճարները ոչ մի կապ չունեն ալբանների հետ, առավել ևս՝ Ադրբեջանի հետ: Նորից՝ «ո՞վ է գոռում՝ բռնել գողին»:
Իր քաղաքական գոյության ողջ ընթացքում Ադրբեջանը վարում է հայկական ժառանգության հուշարձանների մշակութային ցեղասպանության քաղաքականություն: Դրա նպատակն ակնհայտ է. երկրի երեսից ջնջել հայ ժողովրդի բոլոր հետքերը և դրանով իսկ հիմնավորել ժամանակակից Ադրբեջանի քաղաքական գաղափարախոսությունը, որի էությունը հանգում է երեք թեզի. -ադրբեջանցիները Անդրկովկասի բնիկ ժողովուրդն են՝ մշակույթով և պատմությամբ, -հայերը եկվոր քոչվորներ են, ովքեր ամեն ինչ գողացել են ադրբեջանցիներից, -Ադրբեջանի տարածքի քրիստոնեական հուշարձանները ստեղծվել են ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների նախնիների`ալբանացիների կողմից: Այն փաստը, որ իրականում ամեն ինչ հակառակն է, Ադրբեջանում ոչ ոքի չի անհանգստացնում: Ինչպես ասել է դոկտոր Գեբելսը, «որքան հրեշավոր է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալը»: Այս առասպելից, այս ռազմատենչ շովինիզմից, հայ ժողովրդի դեմոնացումից դուրս չկա ժամանակակից ադրբեջանական քաղաքական գիտակցություն:
Առանց դրա փլուզվում է 1918 թվականին արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետականության գաղափարական և քաղաքական ամբողջ կառուցվածքը: Եվ Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ պարոն Էլբայ Գասիմզադեի ռասիստական, ցինիկ-զրպարտիչ ելույթը այդ քաղաքականության ամոթալի դրսևորումներից մեկն է: Քաղաքակիրթ աշխարհում այդպիսի հանրային հայտարարությունները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Պատմությունն արդեն նախադեպ ունի, երբ շատ տաղանդավոր ճարտարապետ Ալբերտ Շպերը Նյուրնբերգի տրիբունալի կողմից դատապարտվել է որպես ռազմական հանցագործ: Սա չպետք է մոռանալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում