Ինքնակամ կառույցը ենթակա է օրինականացման, կան որոշ սահմանափակումներ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Երբ խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, պետք է մեկնաբանենք ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912Ն որոշումը: Այսպես է սկսվում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հետ մեր զրույցը, որն առնչվում է ինքնակամ կառույցների օրինականացման խնդրին:
«Այդ որոշմամբ անմիջապես գործ ենք ունենում Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հետ, որի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ են համարվում այն շինությունները, որոնք կառուցվել են համայնքի վարչական շրջանում և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում: Խոսքը քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված, կարգավիճակը չորոշված շինությունների մասին է: Թեպետ անձը կարող է նաև ինքնակամ շինություն կառուցել իր իսկ սեփական, այլ ոչ թե ապօրինի զավթած հողում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:
Ընդգծում է՝ սեփականատերն իրավունք ունի դիմելու վարչական մարմնին և օրինականացնելու իր կառուցած շինությունը, ինչպես նաև սեփական միջոցներով այն քանդելու: Հաջորդիվ համայնքի մասով: «Համայնքն ասում է՝ ինքնակամ շինություն ես կառուցել, որպես համայնք՝ ամեն հողամասի վրա չեմ կարող ունենալ պահակ, որպեսզի հսկենք և քաղաքացին իրավախախտում չկատարի: Որպես իշխանական թև՝ մի քիչ կամայականություն է ցուցաբերում, ասելով՝ կցանկանամ, կօրինականացնեմ կառույցը, չեմ ցանկանա, չեմ օրինականացնի այն: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Կառավարության թիվ 912-Ն որոշման 32-րդ և 34-րդ կետերը սահմանում են հետևյալը՝ անձը, որը կառուցել է ինքնակամ շինությունը, իրավունք ունի դիմելու վարչական մարմնին՝ այն օրինականացնելու խնդրանքով:
Եթե ինքնակամ կառույցը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի խոչընդոտում երրորդ անձանց իրավունքներին ու շահերին, ապա այն ենթակա է օրինականացման: Նույն որոշման 34.2-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման դեպքերում՝ նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին: Ստացվում է, որ ունենք Կառավարության թիվ 912-Ն որոշում, քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմ, կա ընթացակարգ, թե քաղաքացին որտեղ պետք է դիմի իր իրավունքի իրացման համար, այս դեպքում վարչական մարմնի կամայականությունը զսպվում է, այսինքն նա չպետք է ասի՝ կցանկանամ կօրինականացնեմ, չեմ ցանկանա, չեմ օրինականացնի ինքնակամ կառուցված շինությունը: Որոշումը հստակ է՝ եթե չունենք կոնկրետ նշված սահմանափակումները, ապա ինքնակամ կառույցը ենթակա է օրինականացման»,-նշում է մեր զրուցակիցը:
Շեշտում է՝ երբ քաղաքացին դիմում է ինքնակամ շինությունն օրինականացնելու համար, ապա պետք է շեշտը հենց այդ հարցի վրա դնի, ոչ թե առաջ քաշի նաև հողամասի սեփականաշնորհման հարց: «Միգուցե համայնքը հողամասը քաղաքացուն տրամադրում է վարձակալությամբ կամ էլ օգտագործման իրավունքով, սա արդեն նրա իրավունքն է: Քաղաքացին պետք է խոսի միայն ինքնակամ կառուցված շինության մասին: Նա կառուցել է միայն շենքը, հողամասը ձեռք չի բերել»,-ասում է փաստաբանը: Անդրադառնում ենք նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին: Այդ օրենքի 30-րդ հոդվածն ասում է՝ վարչական վարույթ հարուցելու հիմքեր են անձի դիմումը կամ բողոքը և վարչական մարմնի նախաձեռնությունը: «Տեսեք, օրինակ՝ վարչական մարմինը չի նախաձեռնում ո՛չ քանդել, ո՛չ էլ օրինականացնել ինքնակամ կառույցը, բայց այդտեղ մարդիկ են բնակվում, սահմանազատում տարածքը: Հետևաբար, երբ քաղաքացին դիմում է օրինականացման խնդրանքով, պետք է պարզել երկու հանգամանք: Եթե դրանք ժխտվում են, ուրեմն պարտավոր են օրինականացնել կառույցը, քանի որ քանդման գործառույթն ավարտվել է: Քանդելու դեպքում պետք է երկու ամսվա մեջ հայտնաբերել իրավախախտումը, հարուցել վարչական վարույթ, դրա շրջանակներում կայացնել քանդման որոշում»,-հավելում է մեր զրուցակիցը:
Փաստաբանն ասում է՝ երբ համայնքը մերժում է օրինականացնել ինքնակամ կառույցը և գործը հասնում է դատարան, ավելի հաճախ հետևյալ հարցն է առաջ գալիս՝ համայնքն է որոշում օրինականացնել կառույցը, թե ոչ: «Հակադարձում ենք, եթե այդպես լիներ, կառավարության թիվ 912-Ն որոշմամբ կսահմանվեր, որ կառույցը կարող է օրինականացվել միայն համայնքի նախաձեռնությամբ, չէր նշվի, որ անձը կարող է դիմում ներկայացնել ինքնակամ կառույցն օրինականացնելու համար, և եթե չկան խանգարող հանգամանքներ, ապա այն կարող է օրինականացվել: Եթե գործ ունենք բնակելի, հասարակական կամ արտադրական շինության հետ, ապա այն դառնում է համայնքի սեփականությունը: Համայնքի բյուջե վճարում կատարելուց հետո անցնում է կառուցապատողին՝ ուղղակի վաճառքի միջոցով»,-եզրափակում է Հասմիկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում