ԱՄՆ-ում հայ բժշկուհուն խարդախության մեղադրանք են առաջադրել
International newsԿալիֆորնիայում խարդախության մեղադրանքներ են առաջադրել հայազգի բժշկուհուն, որը կեղծ բժշկական փաստաթղթեր էր պատրաստել տնային խնամքի անհրաժեշտության վերաբերյալ եւ բժշկական ապահովագրության Medicare համակարգով 7 մլն դոլարի խարդախություն իրականացրել։ Dailynews.com-ի փոխանցմամբ, 58-ամյա Լիլիթ Բալթայանը ձերբակալվել է։
Ըստ մեղադրանքի, նա ապահովագրություն ունեցող հիվանդների համար տնային խնամքի ծառայություններ էր պահանջել չորս տարբեր գործակալություններից, որոնցից երկուսը գտնվել են Գլենդելում։ Այդ ծառայությունները կամ անհրաժեշտ չեն եղել, կամ ընդհանրապես չեն մատուցվել։ Դատախազությունը պնդում է, թե Բալթայանը ստացել է դրամական փոխհատուցումներ՝ որպես ուղղորդող մասնագետ։ Նա ինքն էլ դիմել է համակարգին՝ պահանջելով փոխհատուցել հիվանդների ծախսերը, մինչդեռ ծառայություններ չի մատուցել։
Բժշկին չորս մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչեւ 40 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչեն։ Բալթայանը իր սխեման իրականացրել է 2012-2018 թվականներին, Թուհունգա եւ Ռեսեդա քաղաքներում գտնվող երկու կլինիկաներում։ Իրավապահները պնդում են, թե խնամքի ծառայությունները եւս իմացել են, որ արտոնագրերը կեղծ են։
Նրանց դեմ առանձին հայցեր են ներկայացվելու։