Ռոբերտ Քոչարյանի հին ու նոր դաշնակիցները
AnalysisՏևական ընդմիջումից հետո Երևանի Ազատության հրապարակը երեկ կրկին բազմամարդ էր։ Նույնիսկ հորդառատ անձրևը չէր խանգարել հազարավոր մարդկանց գալ հրապարակ՝ լսելու երկրորդ նախագահի խոսքը՝ իր աջակցությունը հայտնելու ընդդիմադիր ուժեղացող բևեռին։ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու է «Հայաստան» դաշինքով, որը նա ձևավորել է Հայ հեղափոխական դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ, թեպետ այլ քաղաքական ուժեր և գործիչներ ևս աջակցելու են երկրորդ նախագահին։
ՀՅԴ-ի հետ Քոչարյանը տասնամյակների համագործակցության լուրջ փորձ ունի, միգուցե, հաշվի է առել նաև այդ կուսակցության անդամների լուրջ փորձը քաղաքականության մեջ և գործադիրում։
«Վերածնվող Հայաստան»-ը ստեղծել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու գործող մի քանի տասնյակ համայնքապետեր, որոնք ոչ միայն թարմ, քաղաքականության մեջ չփչացած դեմքեր են, այլև իրենց լավ են դրսևորել վերջին պատերազմում։ Այդ համայնքապետերից շատերն այսօր էլ, երբ պետությունը սյունեցուն միայնակ է թողել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, փորձում են օգնել իրենց բնակիչներին, լուծել նրանց անվտանգության հետ կապված խնդիրները։
Դաշինքի ստեղծման հուշագրի արարողությանը նաև այլ հետաքրքիր դեմքեր էին մասնակցում, որոնք, չի բացառվում՝ ևս կանդակակցեն դաշինքին։ Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը բավական մանրակրկիտ է ընտրել իր քաղաքական թիմը, որի հետ էլ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Արսեն Վանյան